Հենրիկ Նավասարդյանի որդին քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներին հայհոյելու համար բերման է ենթարկվել
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:
Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է: Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին: Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ի գիշերը ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-ԳրիգորյանիՆ ծեծի ենթարկելու փաստով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին ուղղված ակնարկները (որ ծեծը հրահրված է նրանց որդիների կամ ազգականների կողմից ) Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը անհիմն էր համարել: Այն նկատառմամբ, որ ծեծողներն ասել էին՝ «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք»։
«Ես չեմ հասկանում՝ «պապաներին» ասելով ինչո՞ւ ինձ նկատի ունեք: Կարծում եմ, որ իրենք շատերի պապաներին են երևի նեղացրել, դրա համար են պապաների անունից խոսում»,- Tert.am-ին ասել էր Հենրիկ Նավասարդյանը՝ նշելով, որ միայն գիտի, որ իր տղաները «նման արարքներով չեն զբաղվում»:










