Եկատերինբուրգում ադրբեջանցի քրեական հեղինակություններ են ձերբակալվել

10:34 • 02.09.13

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցները սեպտեմբերի 1-ին ընդհատել են քրեական հեղինակությունների հավաքն ու ձերբակալություններ իրականացրել։ Այդ մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ իրավապահ մարմիններին հղումով։

 

Ոստիկանության տվյալներով՝ «գողական աշխարհի» 48 ներկայացուցիչներ երեկ հավաքվել են քաղաքի սրճարաններից մեկում, որպեսզի քննարկեն «քրեական շուկայի նոր բաժանումը»։

 

Հավաքվածները, մասնավորապես, եղել են Ուֆայի, Չելյաբինսկի և Նորիլսկի բնակիչներ։ Հավաքի մասնակիցների մեծ մասն ադրբեջանցիներ են եղել։ Հաղորդվում է, որ հավաքի մասնակիցները եղել են Թիմուր Միրզոևի թևից, որը 2013թ.-ի հունվարին սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) զարմիկն է։

 

Նրանց անձնական խուզարկության ընթացքում առգրավվել են տրավմատիկ և սառը զենքեր։


Հավաքի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանցից մատնահետքեր են վերցվել։