Սիրիային հարվածելու դեպքում Բրիտանիան ԱՄՆ-ին կօգնի միայն դիվանագիտորեն

10:00 • 02.09.13

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լոնդոնը կխորհրդակցի Մոսկվայի հետ սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար, գրում է Взгляд-ը։

 

Միևնույն ժամանակ Հեյգն ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ռազմական օպերացիա սկսելու դեպքում Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին բացառապես դիվանագիտական աջակցություն կտրամադրի։

 

«Ես ցանկանում եմ հստակ արտահայտվել։ Մենք հարգում ենք Համայնքների պալատի որոշումը, ուստի մեր աջակցությունը կլինի դիվանագիտական ու քաղաքական։ Միևնույն ժամանակ մենք քննարկումներ կանցկացնենք Ռուսաստանի հետ՝ սիրիական ճգնաժամին խաղաղ ու դիվանագիտական լուծում տալու համար»,-ասել է պաշտոնյան։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ձայների չնչին տարբերությամբ հավանություն չի տվել վարչապետ Դևիդ Քեմերոնի կառավարության՝ Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու ծրագրին։ 

 

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա երկրի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիային հարված կհասցվի Կոնգրեսի համաձայնությունը ստանալու դեպքում։ Կոնգրեսն այս թեմայով քննարկում կանցկացնի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ։