Հույն դատախազը նամակով պայթուցիկ է ստացել
Հույն դատախազ Դիմիտրիս Մոկասը, ով զբաղվում է ահաբեկչության հետ կապված գործերով, փոստով պայթուցիկով փաթեթ է ստացել, որը պայթել է Աթենքում գտնվող իր տան բակում, գրում է Взгляд-ը:
Մոկասը չի վնասվել: Վերաքննիչ դատարանի դատախազն արձակուրդում է եղել, և երբ վերադարձել է տուն, իր հարևանը նրան է փոխանցել հավաքված նամակները:
Մոկասին տարօրինակ է թվացել մեծ փաթեթը, որի հետադարձ հասցեն նշված է եղել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հունական ներկայացուցչության հասցեն, և նա փաթեթը պատուհանից դուրս է նետել: Ծրարը պայթել է և այրվել:
Ոստիկանների տվյալներով՝ ծրարում ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել: Միջազգային կազմակերպությունը, ում հասցեն նշված է եղել ծրարի վրա, ինչպես պարզվել է, առնչություն չի ունեցել այդ նամակի հետ:
Ոստիկանների տվյալներով՝ ծրարը և ներսի պարունակությունը նման են այն ծրարներին, որոնք մինչ այդ ուղարկում էին հույն անարխիստները:










