Վրաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է ցանկանում հեռանալ քաղաքականությունից

18:28 • 02.09.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել, որում պարզաբանել է, թե ինչ պատճառներով է նա պատրաստվում լքել քաղաքականությունը, ինչպես նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերադառնալ, գրում է РИА Новости-ն։

 

Նախկինում վարչապետը բազմիցս նշել է, որ պատրաստվում է լքել քաղաքականությունը։ 2012թ. հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում հաստատված Իվանիշվիլին հայտարարել էր, որ կհեռանա քաղաքականությունից մեկ կամ երկու տարի անց։ Սակայն նա մի քանի անգամ փոխել է ժամկետների վերաբերյալ որոշումը։

 

Նամակում Իվանիշվիլին հայտնում է, որ վարչապետի և կոալիցիայի առաջնորդի իր գործառույթներն իրականացված է համարում։ Նրա խոսքով՝ նա կհեռանա քաղաքականությունից, երբ համոզվի, որ հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրությունները հաջող են անցել։

 

«Ես կհեռանամ, երբ համոզված լինեմ, որ ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել մեզ փոխել ընտրված ուղղությունը, երբ բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաներն ուժեղացված աշխատեն, երբ եսկհամոզվեմ, որ երկիրը կանոնավոր զարգանում է»,- նշված է նամակում։

 

Վարչապետը չի բացառում, որ կարող է վերադառնալ քաղաքականություն։ «Եթե անհրաժեշտություն լինի, ես կրկին կմիանամ ակտիվ քաղաքականությանը, սակայն վստահ եմ, որ նման անհրաժեշտություն չի լինի»,- ասվում է վարչապետի նամակում։


Նրա խոսքով՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել իրեն ստիպել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները, մասնավորապես՝ «նրա կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնց շնորհիվ նա ցանկանում էր պահպանել իշխանությունը»։