ՆԱՏՕ-ն երաշխավորել է Թուրքիայի անվտանգությունը՝ Սիրիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում

17:46 • 02.09.13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով Սիրիային հրթիռային հարված հասցնելու հնարավորությանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն «Պատրիոտ» համակարգերի միջոցով ապահովել է Թուրքիայի անվտանգությունը, և այժմ այլ քայլի կարիք չկա, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը։

 

«Մենք շարունակում ենք պաշտպանել Թուրքիայի սահմանը»,-ամենամսյա ասուլիսի ընթացքում ասել է Ռասմուսենը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա։

 

Նա նշել է, որ քիմիական զենքի կիրառման համար Սիրիային պետք է միջազգային ուժգին պատասխան տրվի, քանի որ անգործությունն այս հարցում «աշխարհի բոլոր բռնապետներին վտանգավոր մեսիջ կհղի»։


Պատասխանելով հարցին, թե այդ ուժգին պատասխանն արդյոք ռազմական ճանապարհո՞վ պետք է տրվի, Ռասմուսենն ասել է. «Թուրքիային պաշտպանելու համար արդեն անում ենք հնարավորը, սակայն այլ միջամտության համար մյուս երկրները պետք է որոշեն»։