Ուսումնական տարվա առաջին օրը բրիտանացի անչափահասներն այրել են դպրոցը

16:58 • 02.09.13

Լեյլենդի (Մեծ Բրիտանիա) Սուրբ Մարիամի անվան կաթոլիկ քոլեջի 5 սաներ սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն այրել են ուսումնական հաստատությունը: Ենթադրվում է, որ հանցագործները 11-ից 15 տարեկան են, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Lancashire Evening Post-ին:

 

Տեղի ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահներն «ունեն բոլոր հիմքերը ենթադրելու, որ Լեյլենդ քաղաքի 5 անչափահաս բնակիչներ խոշոր հրդեհ են կազմակերպել, որը բռնկվել է կաթոլիկ քոլեջի շենքում»:

Ոստիկանությունն անչափահասներին բերման է ենթարկել հանգամանքները պարզելու համար:

 

Կրակի դեմ, որը մեծ վնասներ է հասցրել դպրոցի շենքին, երեք ժամ շարունակ պայքարել է մոտ 100 հոգի: Շենքն այնքան է վնասվել, որ այնտեղ հնարավոր չի լինի դասեր անցկացնել: Դպրոցի տնօրինությունը չգիտի որտեղ կազմակերպել 700 աշակերտների համար դասերը:

 

Ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է անհայտ ժամկետով: