Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է «դատաստանի օրով» սպառնացող երիտասարդը

15:48 • 02.09.13

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել են թուրքական ծագմամբ Բելգիայի քաղաքացու, ով սպառնացել ահաբեկչություն իրականացնել։

 

Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ օդանավակայանի ավտոկայանատեղիում։ 29-ամյա Մեհմեդ Էմին Աքընը բելգիական պետհամարանիշներով ամենագնացով սկսել է հարվածել այլ մեքենաների։

 

Հետո Աքընը դուրս է եկել իր ամենագնացից, հանել է ուղեբեռը և շարունակել է բղավել՝ «Իմ մեքենայում ռումբ կա։ Այսօր դատաստանի օրն է»։
 

Դեպքի վայր հասած ոստիկանությունը ձերբակալել է նրան։


Միջադեպի պատճառով օդանավակայանում խուճապ է սկսվել։ Արտակարգ ծառայությունները, սակրավորները մեքենայի մեջ որևէ պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։