Բողոքի ակցիա ԵՊՀ-ի դիմաց. ոստիկանները բերման են ենթարկել ուսանող Հարություն Մկրտչյանին (տարբերակ 4, տեղանյութեր, լուսանկարներ)

11:32 • 02.09.13

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում մի խումբ ուսանողներ, որոնց մեջ են թե՛ առաջին կուրսեցիներ, թե՛ բարձր կուրսեցիներ: Այս տարի ռոմանագերմանական ֆակուլտետ ընդունված Անին Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ուսման վարձավճարների դեմ են պայքարում, և անելու են ամեն ինչ կառավարության որոշումը կասեցնելու համար. «Մենք առավոտ 9:00-ից սկսել ենք մեր ակցիան և սպասում ենք, որ մյուս բուհերի մեր ընկերները ևս միանան մեզ»:


Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Հարութ Մկրտչյանն էլ նշեց, որ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:


«Մենք առավոտյան կանգնել էինք կենտրոնական մասնաշենքի աստիճանների վերևում, չէինք խոչընդոտում մասնաշենքի մուտքն ու ելքը, սակայն նրանք պահանջեցին, որպեսզի մենք իջնենք ներքև: Չնայած իջանք, բայց ոստիկաններին զգուշացրինք, որ դա սահմանադրորեն ամրագրված մեր իրավունքն է, և մեր ընկերների միանալու դեպքում մենք նորից կբարձրանանք վերև»,- ասաց նա։


Հարցին, թե արդյոք շարունակական են լինելու ակցիաները, նա նշեց, որ այս պահին ընկերներով փորձում են հասկանալ ինչ պարբերականությամբ անեն ակցիաները, որպեսզի դրանք հարմար լինեն նախևառաջ առաջին կուրսեցիներին, որոնք նաև ճնշման չենթարկվեն դասախոսների կողմից:


Նշենք, որ այսօր ԵՊՀ բակում ժամը 14-ին ուսանողները բաց ասուլիս կանցկացնեն:

 


11:45

Ուսանողները մեկ րոպե աղմուկով հարգեցին ապօրինի որոշում իրականացնողի հիշատակը

 

ԵՊՀ-ի առջև ակցիա անող ուսանողներին միացան տարբեր համալսարաններից հավաքված մի խումբ ուսանողներ: Նրանք մեկ րոպե աղմուկով հարգեցին ապօրինի որոշում իրականացնողի հիշատակը: Ուսանողները բարձրախոսով իրենց պահանջներն են ներկայացնում, իսկ ոստիկանները պահանջում են բարձրախոսն անջատել, քանի որ խանգարում են դաս անող մյուս ուսանողներին: Ոստիկանության աշխատակիցը զգուշացրեց՝ իրենց օրինական պահանջին չենթարկվելու դեպքում ուսանողները պատասխանատվության կենթարկվեն:


Նշենք, որ ուսանողներին են միացել մի խումբ ազատամարտիկներ, ԵՊՀ կենսաքիմիայի դասախոս Անի Զախարյանը, ով ուսանողներին ասաց, որ նրանց հետ կլինի, եթե նրանք չհիասթափվեն ու գնան մինչև վերջ:
 

 


11։52

Ոստիկանները բերման են ենթարկել ուսանող Հարություն Մկրտչյանին

 

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ուսանող Հարություն Մկրտչյանին: Ոստիկանության աշխատակիցը պարզաբանեց, որ ուսանողը չի կատարել Ոստիկանության օրինական պահանջը:


Ի պատասխան հարցի, թե դա ինչ պահանջ էր , ոստիկանն ասաց, որ ուսանողին 3- 4 անգամ զգուշացվել էր բարձրախոսով ելույթ չունենալ, ինչը նա չէր կատարել:

Ոստիկանները ակցիա իրականացնողներից առգրավեցին բարձրախոսը:
 



13.25


Ոստիկանությունը ակցիայի մասնկաիցներին թույլ տվեց բարձրախոսով ելույթներ ունենալ դասամիջոցի ընթացքում:

Չնայած ուսանողներին ուղղված կոչերին՝ միանալ ակցիային և բոլորով պայքարել ուսման վարձավճարների դեմ, այն դասամիջոցի դուրս եկած ուսանողները հիմնականում անտարբեր անցնում էին: Հիմա ԵՊՀ-ի մոտից ուսանողները շարժվում են դեպի Կրթության և գիտության նախարարություն: