«Փրկե՛նք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնող խումբը Մաշտոցի պուրակում է. կոչ է արվում չգնալ «Փակ շուկայի» մոտ
«Փրկե՛նք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնող խումբը հավաքվել է ոչ թե «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») մոտ, այլ Մաշտոցի պուրակում: Այս մասին Tert.am-ին հայտնեց նախաձեռնող խմբի անդամ և Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարդան Հակոբյանը:
«Մենք հավաքվել ենք Մաշտոցի պուրակում, որ բախումներ չլինեն, որովհետև առավոտվանից տեղեկություն ունենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող բոլոր խանութների աշխատողներին, ոմանց նաև իրենց ցանկությանը հակառակ, հավաքելու են շուկայի մոտ: Եվ մարդիկ, որոնց չէինք հասցրել նախազգուշացնել, պատահմամբ գնացել են, նրանց նկատմամբ բռնություններ են եղել, կանայք են հարվածել հովանոցներով»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ծածկած շուկայի» մոտ քաղաքացիական ակտիվիստների փոխարեն հավաքված էին մեծ թվով մարդիկ, որոնք վանկարկում են «Բա-ցում, բա-ցում»,(շուկայի բացումը նկատի ունեն), գոռում՝ «Դավաճաննե՛ր, ժողովրդին պառակտում եք», «պահանջում ենք աշխատանք»։ Իսկ քիչ առաջ սկսեցին վանկարկել «Ա-լեք-սան-յան, բա-րե-րար»։
Նրանք իրենց հետ բերել են նաև պաստառներ, որոնց վրա գրված է՝«Ոչ վարձու ընդդիմադիրներին, այո՝ աշխատանքին»:
Վարդան Հակոբյանը, ամփոփելով ասաց, որ առ ժամանակ կմնան Մաշտոցի պուրակում, իսկ եթե տեսնեն, որ հուշարձանին վտանգ է սպառնում, Մաշտոցից կիջնեն շուկա: Եվ եթե բախումներ լինեն, ապա դրանց համար պատասխանատվություն է կրելու իշխանությունը:










