Ղարաբաղի ճանաչման առաջին քայլը պետք է սկսի Հայաստանը, իսկ մյուս պետությունների գլուխը քարը. ԼՂՀ Մեծ Թաղերի գյուղապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման առաջին քայլը պետք է սկսի Հայաստանի Հանրապետությունը. այս համոզման է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գյուղապետ Վլադիկ Դանիելյանը, ով կարծում է, որ ղարաբաղցուն այդքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ կանի միջազգային հանրությունը նման քայլից հետո։
«Մենք ասում ենք Ղարաբաղի ճանաչում, ասում ենք, որ այլ երկրները պարտավոր են մեր անկախությունը ճանաչել, բայց արդյոք մենք ինքներս ճանաչե՞լ ենք։ Ղարաբաղի ճանաչման գործընթացի առաջին քայլը, իմ համոզմամբ, պետք է սկսի Հայաստանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի դաշնակցական գյուղապետը։ Ըստ նրա, իշխանությունների պատճառաբանությունը, թե ինչ հետևանք կունենա այդ քայլը, հիմնավոր չէ։
«Հետևանքները ամեն դեպքում անխուսափելի են։ Մենք գիտենք, որ ինչ էլ անենք կամ նույնիսկ չանենք էլ, հետևանք լինելու է։ Մենք չենք ճանաչում, բայց ստիպում ենք, որ անպայման Մոզամբիկը ճանաչի։ Ո՞նց կարան Մոզամբիկից ճանաչեն, եթե մենք ինքներս չճանաչենք»,-կրկնեց նա։
Վլադիկ Դանիելյանը հստակեցնում է՝ իրենց պետք էլ չի, որ ինչ-որ երկիր ճանաչի իրենց անկախությունը։ «Ղարաբաղցուն պետք էլ չի, որ ինչ-որ մեկը ճանաչի մեր անկախությունը, մենք ունենք պետության համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները՝ բանակ, անվտանգություն, փող, բանկեր և այլն, մեր անկախությունը վաստակել ենք, դե հիմա գլուխները քարը, թե չեն ճանաչում, կարևոր մենք իրականում ազատ զգանք և ճանաչենք։ Եթե քո կշիռը ուզում ես ցույց տալ դրսին, նախ պետք է ինքդ ճանաչես, իսկ պատճառաբանել, թե ագրեսիա կհամարեն, հիմնավոր չեմ համարում»,- ասաց նա։
Գյուղապետը համոզված է՝ Ադրբեջանը, դժվար թե, համարձակվի իր կամքով պատերազմի դուրս գալ Արցախի դեմ։
«Ադրբեջանը չեմ կարծում,որ կգնա այդ քայլին, եթե, իհարկե, նրան չստիպեն, որովհետև ինքը մի անգամ զգացել է հայերի ուժը։ Ազերիներից շատերը, հատկապես՝ նրանք, ովքեր Ալիևի բզզոցից հեռու են և կարողանում են ճիշտ գնահատել իրենց հնարավորությունները, համակերպվել են այն մտքին, որ Ղարաբաղը իրենցը չի և չի էլ եղել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինությանը, ապա դա էլ ղարաբաղցի գյուղապետին չի անհանգստացնում։ «Ադրբեջանն այն ժամանակ էլ մի քանի հազար անգամ մեզնից ուժեղ էր, որսորդական հրացաններով ենք մենք մեր հողը պահել։ Իրենք ունեին ինքնաթիռներ, տանկեր, մենք նրանցից հափշտակած զենք-զինամթերքով ենք անկախության հասել։ Ռազմական հզորությունը շատ կամ քիչ տեխնիկա ունենալու մեջ չէ, հոգին է կարևոր։ Ի վերջո, տարածքն ազատագրված են համարում այն դեպքում, երբ զինվորը կանգնում է այդ տարածքում։ Ալիևը, դժվար, համոզված լինի, որ իր զինվորը կկանգնի ուրիշի հողի համար»,- ասաց նա։
«Այսօր, գուցե, չկա նախկին ոգևորությունը, բայց ժամանակը գա, համոզված եմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նույն ձևով կանգնելու են հողը պաշտպանելու։ Իսկ դրա համար պետք է ոգին բարձրացնել, ինչ խոսք։ Ղարաբաղում երեխայի ծննդի պահից պետք է դաստիարակես հայրենասեր, որ մեծանա ոգով կայտառ, առնական, հային վայել, իր պապերին հարիր»,- եզրափակեց նա։










