«Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով խորովածի փառատոն Ախթալայում. նպատակը՝ երկիրը զբոսաշրջիկին հետաքրքիր դարձնելն է

14:24 • 03.09.13

Խորովածի փառատոնն այս տարի Ախթալայում կանցկացվի սեպտեմբերի 7-ին: Արդեն 5-րդ տարին է անցկացվում: Մրցույթի, այդ օրը խորովածի համաշխարհային օր հռչակելու, Ախթալան խորովածի համաշխարհային կենտրոն դարձնելու վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսին «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը վկայեց, որ նպատակը պարզ է՝ երկիրը հետաքրքիր դարձնել զբոսաշրջիկի համար, խոհանոցը ներկայացնել:


«Բացի այն, որ մենք փառատոն ենք անում, նաև մրցույթ ենք անցկացնում, և այստեղ հասարակական սննդի զարգացման խնդիր կա, զարգացնել հանրային սննդի սպասարկման ոլորտը»,- ասաց նա:


Այս տարի եզդիները նույնպես տաղավարներ են վերցրել, մասնակցելու են նաև ուսումնական կենտրոններ, և մրցույթի հաղթողների համար յուրահատուկ նվերներ և մրցանակներ են նախատեսել:


Փառատոնի խորագիրն է՝ «Երբ գալիս է սեպտեմբերը» և հետայսու սեպտեմբերի առաջին շաբաթն է անցկացվելու այն: «Մեր մրցույթով մենք մի քանի քայլով առաջ ենք մեր հարևաններից, և ընդհանրապես, մենք ազգային խոհանոցի վերականգնման առումով մի քանի քայլ առաջ ենք մեր հարևան երկրներից»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:


Ասուլիսին ներկա The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնը նաև մշակույթի մի մասն է կազմում, և իրենք որոշել են երաժշտություն էլ ներկայացնել. «Մենք հրավիրել ենք հայտնի նկարիչների, ովքեր գալու են և նկարեն եկեղեցին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ վայրը ներկայացնում է մեր մշակույթի մի շատ խորը մասը:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ այդ կերպ իրենք նպաստում են համայնքներում զբոսաշրջության զարգացմանը։


«Նմանատիպ փառատոները կազմակերպվում են մարզերում, և դա ուղղված է զբոսաշրջությունը Երևանից դուրս նաև մարզերում զարգացնելուն»,- ասաց նա: