Սա շրջադարձ է.Ալեքսանդր Արզումանյանը`Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին

20:37 • 03.09.13

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է մեկնաբանում Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը, երբ ՀՀԿ-ն դեռ մեկ օր առաջ հայտարարում էր, որ եթե որևէ ֆորս մաժոր չլինի, ապա կնախաստորագվի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ասաց, որ որոշումն իր համար անսպասելի էր:

 

 

«Ես սպասում եմ, որ պաշտոնական պարզաբանումներ և բացատրություններ կտրվեն : Սա շրջադարձ է նշանակում: Սա իրոք անսպասելի է և սա փաստորեն, հակասության մեջ է մտնում վերջն երկու տարիների իրականացված արտաքին քաղաքականությանը: Ամբողջ կուրսին հակառակ է»,– Tert.am –ին ասաց նա։

 

Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ տարակուսելի է, որ իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ ստորագրվելու է Ասոցացման համաձայանգիրը, և երկրի նախագահը հայտարարում է Մաքսային միությանը անդամակցելու մասին:

 

ՀՀ նախկին արտգործնախարարը վերահաստատեց իր նախկինում հնչեցված միտքը, որ Մաքսային միությանն անդամակցությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը և սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:

 

«Քննարկելու շատ բաներ կան, տեսնենք` ինչ պարզաբանումներ կտրվեն և սպասենք Եվրամիության մեր պարտնյորների արձագանքին, որովհետև բազմիցս ասվել է, որ Մաքսային միությանը անդամակցությունը հակասում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի դրույթներին: Այնպես որ, չգիտեմ` պետք է սպասել»,– ավելացրեց նա։

 

Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով ո՞րն է լինելու ԵՄ արձագանքը, Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ չի ցանկանում ԵՄ անունից խոսել, բայցև` նկատեց.«Ես վստահ եմ, որ հետևողական կլինեն և ... այստեղ մենք պետք է առաջնորդվենք նրանով, որ ԵՄ-ն ունի իր նորմերը, որոնք պետք է վերահաստատի»:

 

ՀՀ նախկին արտգործնախարարը հավելեց, թե որևէ ուժի սպառնալիքով ձեռք բերված, ստեցված միությունը չի կարող երկար կյանք ունենալ: «Սա անթաքույց շանտաժ հետևանք է, և տեսնենք` պարզաբանումներ, հավանաբար կլինեն»,- եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը։