Բուշն ուներ թեզ և շարժվում էր այդ թեզով, Օբաման չունի մոտեցում. Արտակ Շաքարյան
Սիրիան Իրաքը չէ, որ ԱՄՆ-ն կարողանա հեշտությամբ ռմբակոծել։ Նախագահ Ասադը դեռ կայուն և հզոր բանակ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սիրիական խնդրի շուրջ իր կարծիքը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կետային մեկ հարվածը չի վերացնի Ասադին:
«Բուշն ուներ թեզ և շարժվում էր այդ թեզով, Օբաման չունի մոտեցում: Օբաման փորձում է ներքին ուժերի միջոցով կործանել Սիրիան: Եթե կետային հարված լինի, տարածաշրջանում լուրջ խնդիր չի առաջանա, եթե Օբաման որոշի կետային հարվածներով չբավարարվել, Սիրիայի հայ ազգաբնակչության համար դա կնշանակի ևս մեկ կոտորած: Հայաստանի մեծ խնդիրը սիրիահայերի ճակատագիրն է: Հալեպում անիշխանություն է, մեջտեղում տուժում են քրիստոնյա հայերը»,- ասաց նա:
Ըստ Արտակ Շաքարյանի՝ իր հերթին Իրանը լավ գիտակցում է, որ այս ամենը հենց իր դեմ է ուղղված, քանի որ Սիրիայի ոչնչացումը կբերի Իրանի ամբողջական մեկուսացման:
«Սիրիայի ոչնչացումը վնասում է նաև Ռուսաստանին: Այդ պատճառով Ռուսաստանը մինչև վերջին կաթիլը թույլ չի տա հարձակում, սակայն Մերձավոր Արևելքում Ռուսաստանը այնքան էլ հզոր չէ: Իսկ Թուրքիան շարունակելու է ավելի ագրեսիվ կերպով զինել վարձկաններին, զինյալներին»,- ասաց նա։
Արտակ Շաքարյանը նշեց, որ հենց Թուրքիան է ԱՄՆ-ից պահանջում լայնածավալ հարձակումներ սկսել Սիրիայի նկատմամբ, և որ, իրականում, Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջին երկու տարվա ընթացքում ռազմավարություն է մշակել Սիրիան կործանելու, և այն սուննիական ուժերով լցնելու համար:
«Այսօր Էրդողանը արտաքին խնդիրները ուռճացնում է, ներքին խնդիրները մոռացնել տալու համար: Իսկ Էրդողանին սպասում են ներքին խնդիրներ: Առաջիկայում տեղական կառավարման ընտրություններ են սպասվում. կռիվը գնալու է Ստամբուլի համար: Հետո լինելու են Սահմանադրության քննարկումներն ու նախագահական, խորհրդարանական ընտրությունները»,- ասաց նա:










