Միջերկրական ծովում հրթիռներն արձակել է Իսրայելը (տարբերակ 3)

14:05 • 03.09.13

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռուսական համակարգերն ահազանգել են Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Այդ մասին արդեն զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդլայնել ներկայությունը Միջերկրական ծովում, քանի որ տարածաշրջանում բավական թվով նավեր կան՝ տեղի ունեցողի մասին լիակատար տեղեկատվություն ստանալու համար։ Այս մասին հաղորդել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը։

 

«Որևէ հրաման, որ այնտեղ պետք է ընդլայնենք ինչ-որ բան, չի եղել։ Այն ուժերն ու միջոցները, որ կան այսօր Միջերկրական ծովում, բավական են»,-ասել է աղբյուրը։

 

Ենթադրաբար, հարձակման թիրախը Դամասկոսն է։

 

Դամասկոսում ՌԴ դեսպանատանը, սակայն, հրթիռների արձակման մասին տեղյակ չեն։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Մոսկվայում Սիրիայի դեսպանատանը ևս տեղյակ չեն բալիստիկ հրթիռների արձակման մասին։

 


14։29 Ամերիկյան ռազմանավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, հրթիռներ չեն արձակել։ Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաընկերությունը՝ ամերիկյան իշխանության ներկայացուցիչներին հղումով։

 

Սիրիական կողմի պնդմամբ՝ այդ հրթիռները Սիրիա չեն հասել և ընկել են ծովում։

Պենտագոնը հրթիռների արձակման մասին տվյալներ չունի։


14։56 Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ հրթիռների արձակումը փորձնական է եղել՝ Հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստուգման նպատակով։ Դրանք ԱՄՆ-ի հետ համատեղ են տեղի ունեցել։

«Հրթիռները, որոնց մասին խոսվում է, եղել են «Յակոր» տիպի, որոնք օգտագործվում են ՀՀՊ համակարգերի ստուգման համար»,-ասել է աղբյուրը։