Ամերիկացի տատիկը լողալով անցել է Կուբայի ու ԱՄՆ-ի միջև նեղուցը
Վաթսունչորսամյա ամերիկուհի Դայանա Նայադին սեպտեմբերի 2-ի երեկոյան հաջողվել է լողալով կտրել-անցնել ԱՄՆ-ի և Կուբայի միջև ընկած Ֆլորիդյան նեղուցը, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Reuters-ին։
Լողորդուհին հաղթահարել է 177 կմ տարածք՝ Հավանայից մինչև Ֆլորիդա-Քիս արշիպելագն անցնելով ընդամենը 53 ժամում։ Այդ ընթացքում նրան հետևել է 5 նավակ, որոնք կնոջը պարբերաբար ջուր ու սնունդ են տվել, ինչպես նաև հետևել են նրա առողջական վիճակին։
1997թ. այս նեղուցը լողալով անցել է 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին, սակայն Նայադը դարձել է առաջին կինը, ով դա արել է առանց շնաձկներից պաշտպանող ցանցի։ Իսկ թունավոր մեդուզաներից պաշտպանվելու համար լողորդուհին օգտագործել է հատուկ քսուկ։
Ի դեպ, սա Նայադի՝ Ֆլորիդյան նեղուցը հաղթահարելու 5-րդ փորձն էր, որը վերջիվերջո հաջողությամբ է պսակվել։










