Ֆրանսիական հետախուզությունն Ասադին մեղադրել է 3 քիմիական հարձակում իրականացնելու համար
Սիրիայի կառավարական զորքն ապրիլից օգոստոսն ընկած ժամանակահատվածում առնվազն 3 քիմիական հարձակում է իրականացրել։ Այս մասին ասված է ֆրանսիական հետախուզության զեկույցում, չնայած Բաշար ալ-Ասադը դա «անտրամաբանական» է համարում։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, հետախուզության տվյալներով՝ պետությունն ապրիլից առնվազն 3 անգամ նման հարձակում է իրականացրել, այդ թվում՝ Սաքարեբ և Ջոբար բնակավայրերում։ Ենթադրվում է, որ դրանց հետևանքով զոհվել է 280 մարդ։
Զեկույցն առաջիկայում հրապարակվելու է Ֆրանսիայի նախագահականի, արտգործնախարարության և պաշտպանության նախարարության կայքերում։
«Մենք մտադիր ենք խորհրդարանի անդամներին տալ այն ամենը, ինչ ունենք, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գնահատել տեղի ունեցածի անընդունելիությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն։
Նա հավելել է, որ Ֆրանսիան մտադիր չէ միայնակ գործել Սիրիայի հարցում, իսկ փաստերը, որն ունի հետախուզությունը, թույլ կտան մեղադրել Ասադի ռեժիմին։
Բացի այդ, ինչպես նշված է զեկույցում, Ասադի մեղքն ապացուցում են օգոստոսի 21-ին արբանյակից արված լուսանկարները։ Դրանք ապացուցում են, որ քիմիական հարձակումն իրականացվել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից։










