Բողոքի ակցիաները խոսում են երկրում տիրող անիշխանության մասին. Լարիսա Ալավերդյան
Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն անօրինականությունների դեմ խոսում են երկրում տիրող անիշխանության մասին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով թվարկեց այն ապօրինի շինությունները, որոնց դեմ բնակիչներն ու քաղաքացիական հասարակությունը վերջին շրջանում դուրս են գալիս փողոց պայքարելու։
«Իսկ ինչ է անում նույն իշխանությունն անօրինականություն կատարողին, ում տուգանել են, զգուշացրել են, բայց գործը գնացել է առաջ և ավարտին է հասցվել, իսկ դա անիշխանության, իշխանության անզորության մասին է խոսում»,- ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը դրա բացատրությունն էլ ունի, թե ինչու իշխանության մոտ չի ստացվում կանխել նման վանդալիզմը, ինչպես օրինակ «Ծածկած շուկայի» դեպքում էր, երբ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շուկան, ըստ ակտիվիստների, քանդում և սուպերմարկետ է դարձնում։
«Իսկ ո՞վ է դրա ղեկավարը, նրանք ովքեր քրեաօլիգարխիկ ուժով, նրանց գումարներով գալիս են իշխանության և չեն կարողանում այլևս սանձել»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու նույն քաղաքացիական հասարակությունը երկրում վանդալիզմի բազմաթիվ այլ դեպքերի չի արձագանքում, բայց շատ ակտիվ է որոշ հարցերում, Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Այո՛, բոլորի աչքի առաջ, այդ թվում նաև իշխանության առաջ, քանդվում են, իսկ քաղաքացիական հասարակությունը չի հասցնում ամեն տեղ լինել, որովհետև անիշխանություն է»։
«Ես չեմ հասցնում այլևս մեկ օրվա ընթացքում ստացած զանգերին պատասխանել։ Բայց ում պարտականության մեջ է մտնում, արդյոք քաղաքացիական հասարակությա՞ն։ Քաղաքացիական հասարակությունն ընտրում է հնչեղը, սինթետիկը, մատչելին»,– ասաց նա։
Ինչ վերաբերվում է «Ծածկած շուկայի» մոտ երեկ Սամվել Ալեքսանյանին բարերար անվանող կանանց, ապա Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ նրանց դուրս են հանել սեփական շահերի համար շահագործելու նպատակով, որը հեռահար նպատակներ ունի։
Ասուլիսի ներկա Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ցանկություն չունի անդրադառնալ մասնավորի սեփականատիրոջ գործին, բայց չի թաքցնում, որ երբ Փակ շուկան սկսեցին վերանորոգել ինքը ուրախացել էր, քանի որ ըստ նրա, մարդիկ նոր հիմքերի վրա կառուցվող շուկայում աշխատանք կունենան։
«Իսկ ինչ մնում է պատմամշակութային արժեքին, ապա այդ տեսքը կպահպանվի և զուգահեռ կունենա նորովի տեսք, որը հնարավորություն կտա մարդկանց ավելի լավ պայամններում աշխատել»,- ասաց նա։
ՀՀԿ–ական պատգամավորը հավելեց, որ ինքը ուրախ է, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվություն է ցուցաբերում, բայց որ իրենց դրսևորում են որպես ճարտարապետ, շինարար, դրանից արդեն, ըստ նրա, հստակ երևում է պատվիրատուի ձեռագիրը։
«Ուզում եմ քաղաքացիական հասարակությունը ակտիվ լինի, բայց ոչ թե պնդի, թե ճարտարապետորեն այսպես է ճիշտ, այնպես՝ սխալ։
Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Քաղաքացիական հասարակությունը պարտավոր չի լինի լավ ճարտարապետ, պարտավոր է օրենք լավ իմանա, և օրենքի պաշտպան լինել»։










