Սիրիական զորքն ավելի քան 340 զինյալ է ոչնչացրել
Դամասկոսի մատույցներում վերջին օրերին ամենադաժան մարտերն են տեղի ունենում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության խմբերի միջև։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ «Ալ-Վաթան» լրատվական ծառայությանը հղումով, սիրիական բանակը հաջողությամբ գործողություն է իրականացրել Քուդսի և Ալ-Համմե բնակավայրերում և վերականգնել վերահսկողությունը մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան արվարձաններում։
Մադայայում՝ լիբանանյան սահմանի մոտ, շրջափակվել և ոչնչացվել է ահաբեկիչների խումբ՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումից։
Դումեյր-Ադրա ճանապարհին սիրիացի զինծառայողները կանգնեցրել են զինյալների շարասյունը, ոչնչացվել է ավելի քան 40 զինյալ։
«Աս-Սաֆիր» թերթը հաղորդել է, որ սիրիացի զինծառայողները կանխել են զինյալների մեծ ուժերի մուտքը մայրաքաղաք։ Ոչնչացվել է ընդհանուր առմամբ 300 զինյալ, որոնք Սիրիայի տարածք են մտած եղել Հորդանանի սահմանից, որտեղ հատուկ պատրաստություն են անցել։ Նրանց թվում եղել են Սաուդյան Արաբիայի, Լիբիայի, Հորդանանի քաղաքացի վարձկաններ։
Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, ընդդիմադիր ուժերն ինքնաշեն հրթիռներով հրթիռակոծել են Աշրաֆիե թաղամասում տեղակայված կառավարական զորքին։ Բանակը կորուստներ է կրել։
Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում Իդլիբ նահանգի Սաքարեբ բնակավայրում հավաքված զինյալներին։ Զինծառայողները կարողացել են վերականգնել վերահսկողությունը նաև Արիհա քաղաքի նկատմամբ։










