Ասադը նոր քիմիական հարձակում է պլանավորում. Սիրիայի ընդդիմություն

12:06 • 04.09.13

Սիրիայի Հալեպ քաղաքի դատաբժշկական ծառայության պետը փախել է երկրից՝ ունենալով նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենք կիրառելու մասին ապացույցներ։ Ինչպես գրում է rosbalt.ru-ն, այդ մասին ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է այսպես կոչված՝ Սիրիայի ազգային խորհրդի մամուլի ծառայությունը։

 

Ընդդիմության տեղեկություններով՝ պաշտոնյա Աբդ ալ-Թաուաբն այժմ գտնվում է Թուրքիայում, և նա ունի Հան էլ-Ասալ քաղաքում սիրիական ռեժիմի կողմից քիմիական հարձակման ապացույցներ, որը տեղի է ունեցել այս տարվա մարտի 19-ին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 28 մարդ, 86-ը հոսպիտալացվել։

 

Ընդդիմությունն այդ ժամանակ հայտարարել էր, որ սիրիական իշխանությունները քիմիական նյութերով հրթիռներ են արձակել։ Սակայն ընդդիմադիրները ոչ մի ապացույց չեն կարողացել ներկայացնել, մարտի հարձակումը չի դարձել միջազգային միջամտության պատճառ։ Այժմ ընդդիմությունը հնարավորություն է ստացել վերադառնալ այդ դեպքին։

 

Ընդդիմադիրները հայտարարել են նաև, որ իրենց հայտնի է դարձել նոր քիմիական հարձակման մասին, որը պլանավորում է Բաշար ալ-Ասադը։ Նրանց տեղեկություններով՝ հարձակման վայրին արդեն մոտեցել է 3 հատուկ պատրաստված խումբ։