Կոմիտաս 5-ի շինարարությունը վերսկսվել է՝ շինարարները հասցրել են փորել ենթակայանի տակ. բնակիչ
Կոմիտաս 5 հասցեի շինարարությունն այսօր վերսկսվել է, և չնայած բնակիչների հսկողությանը՝ շինարարները հասցրել են ենթակայանի տակ փորել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:
«Առավոտյան մենք տանից դուրս եկանք՝ տեսնելու, թե արդյոք օրը խաղա՞ղ է լինելու, թե ոչ: Տեսանք, որ բերեցին էքսկավատորով փորող բանվորներին, ինչ-որ մի պահ նրանք չէին աշխատում, քանի որ բոլորս հավաքված էինք: Բնակիչներից ոմանք գործի էին շտապում, մյուսները երեխաներին դպրոց էին տանելու: Սպասեցին, երբ որ տեսան երկու-երեք մեծահասակ կին է մնացել, սկսեցին աշխատել»,-ասաց նա:
Աննա Պողոսյանը տեղեկացրեց, որ մի խումբ ոստիկաններն են ժամանել բակ և հսկում են տարածքը:
«Ուղղակի ծիծաղելի է այն տեսարանը, որ այդքան ոստիկաններ կային ու ընդամենը մի քանի տատիկ: Բայց երեկոյան ամեն մեկս իր գործը ավարտելուց հետո վերադարձանք նորից բակ: Բնակիչների որոշ մասը մինչ այս ժամը շարունակում է հսկել տարածքը»,-ասաց նա:
Աննա Պողոսյանը նշեց, որ ներկայումս շինարարության դեմ պայքարը շարունակվում է, սակայն ի տարբերության ամռան, ներկայումս մարդիկ կամ աշխատանքի են, կամ երեխաներին են տանում դպրոց, այդ պատճառով տարածքը հսկում են ոչ թե բոլորով, այլ հերթով:
«Մենք մինչև վերջ պայքարելու ենք»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները, իսկ օգոստոսի 24-ին բողոքի ակցիա իրականացնող մի խումբ բնակիչներ ու ակտիվիստներ ծեծի ենթարկվեցին ոստիկանության կողմից:










