Մեքսիկայում «վարորդների որսորդուհին» կաթվածահար է արել երթևեկությունը
Մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում ավտոբուսների վարորդները հրաժարվել են աշխատանքի դուրս գալ այն պատճառով, որ իրենց գործընկերներից երկուսին սպանել են՝ վրեժ լուծելու նպատակով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Ոստիկանները քաղաքացիական հագուստով երթևեկում են ավտոբուսներում և ստուգումներ են իրականացնում՝ կանխելու սպանությունները: Տրանսպորտային ընկերությունից, որտեղ աշխատում են վարորդները, հայտնել են, որ կրճատվել է նաև ուղևորների թիվը:
Մեքսիկական թերթերն օգոստոսի 31-ից նամակներ են ստանում մի մարդուց, ենթադրաբար՝ կնոջից, ով ներկայացել է որպես «Դիանա, ավտոբուսի վարորդների որսորդուհի»: Հեղինակը հայտնել է, որ նա ««վրեժի գործիք» է բոլոր այն կանանց համար, ովքեր տառապել են Սյուդադ-Խուարեսի ավտոբուսային վարորդների բռնաբարություններից»:
«Ես և այլ կանայք լռության մեջ ենք տարել տանջանքները, բայց այլևս չենք կարող լռել…Մենք վարորդների կողմից սեռական բռնության զոհ ենք դարձել»,- ասված է նամակում:
Ականատեսների խոսքերով՝ հանցագործը նստել է ավտոբուս, մոտեցել վարորդին և հրացանով կրակել նրա գլխին: 1990-ականների և 2000-ականների սկզբին այս քաղաքում մոտ 100 կին է կորել, որոնց մարմիններն այնուհետ հայտնաբերվել են ամայի վայրերում՝ բռնաբարության հետքերով:










