Մաքսային միությանը միանալու դեմ բողոքողներից մի քանիսին նախագահականի դիմացից բերման են ենթարկել (տարբերակ 3, ֆոտո, վիդեո)
Նախագահի նստավայր դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա, որի մասնակիցները հայտարարում են, որ դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պատրաստակամության մասին՝ երեկ Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հայտարարությանը։
Մասնակիցների թիվը աստիճանաբար ավելանում է։ Նրանք եկել են CCCP պաղպաղակ ուտելով՝ ցույց տալով, որ դրանով, ըստ երևույթին, Հայաստանը քայլ է անում նախկին Սովետական Միությունը վերականգնելու ուղղությամբ։
Բացի այդ, մասնակիցները կարմիր անձեռոցիկներ են կապում իրենց պարանոցներին, ըստ երևույթին, հիշեցնելով պիոներներին և այդ ժամանակաշրջանը։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով «հե-ռա-ցեք»։
Ակցիային մասնակցում է «Ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ հավաքված են ՀՀ ողնաշարավոր քաղաքացիների մի մասը՝ զգուշացնելու, որ թույլ չեն տալու չընտրված նախագահին կամ այլ պաշտոնյաների զիջել Հայաստանի Հանրապետությունը և խաղեր խաղալ ՀՀ ինքնիշխանության հետ։
«Սա հուժկու ակցիա չէ և նույնիսկ կազմակերպված չէ։ Մենք ընդամենը եկել ենք զգուշացնելու, որ նման քայլի հանկարծ չգնան»,-ասաց Դավիթ Սանասարյանը։
14.09
Բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Վիլեն Գաբրիելյան, Ալեն Մանուկյանը և այլք
Քիչ առաջ, երբ ակտիվիստները փորձեցին անցնել մայթը և հավաքվել ուղիղ նախագահական նստավայրի՝ Բաղրամյան 26 –ի դիմաց , նրանց և ոստիկանների միջև սկսվեց քաշքշոց,ինչից հետո սկսեցին զանգվածաբար ոստիկանություն բերման ենթարկել ակտիվիստներին:
Բերման են ենթարկվել Վիլեն Գաբրիելյանը, Ալեն Մանուկյանը, Դավիթ Սանասարյանը, Կարեն Հարությունյան, Սուրեն Սահակյանը:
Ներկա են նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ով պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
Ըստ ԱԻՆ առաջնորդին, սա այն հարցն է, որը պետք է լուծվի ոչ թե միանձնյա՝ Սերժ Սարգսյանի կողմից, այլ հանրաքվեի միջոցով:
15.17
Ոստիկանությունը ցրեց բողոքի ակցիան։ «Նատաշաներ» և այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցները ևս մի քանի րոպե մնալով նախագահի նստավայրի առաջ, ցրվեցին։ Նրանից ոմանք գնացին Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ էլ պահում էին բերման ենթարկվածները։
Ակցիայի մասնակիցները խոստացան, որ ակցիաները կլինեն շարունակման իրենք ցույց կտան, թե ով է այս երկրի տերը։










