Պուտինն Օբամային լավ զրուցակից է համարում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Առաջին ալիքին և Associated Press-ին տված հարցազրույցում իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային լավ զրուցակից է անվանել, գրում է gazeta.ru-ն:
«Մեր զրույցները միշտ կառուցողական, առարկայական և բավականին անկեղծ բնույթ են կրել: Այդ առումով ԱՄՆ նախագահը շատ լավ զրուցակից է, նրա հետ հեշտ է զրուցել, որովհետև հասկանալի է, թե մարդն ինչ է ուզում, հասկանալի է նրա դիրքորոշումը, նա լսում է զրուցակցին, հակառակորդի դիրքորոշումը, արձագանքում է դրան: Ինձ հետաքրքիր է նրա հետ աշխատել»,- ասել է Պուտինը:
Նախագահի խոսքով՝ ինքը զարմանքով է կարդում ժեստերի լեզվի մասին, որն իբր վկայում է այն մասին, որ երկրների ղեկավարները հանդիպումների ժամանակ ձանձրանում են:
«Ո՞վ կարող է մեզանից բացի ասել, թե ինչ է մեր գլխում և հոգում: Կան որոշ ժեստեր, որոնք, իհարկե, միանշանակ են ընդունվում, բայց նման ժեստեր ոչ իմ կողմից Օբամայի հասցեին, ոչ Օբամայի կողմից իմ հասցեին ոչ ոք երբեք չի տեսել, և հուսով եմ երբեք չի լինի»,- ասել է Պուտինը:










