Մոսկվայում որևէ սենսացիա տեղի չի ունեցել. ԱԺ փոխնախագահը Մաքսային միությանն անդամակցության մասին

13:01 • 04.09.13

Այդ քայլը բխում է մեր պետական շահերից. այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե Շվեդիայի արտգործնախարարը այս մասին տեղեկությունը մեկնաբանել է՝ ասելով, որ սա շրջադարձ է և , ըստ էության, ակնարկել, որ որոշումը հակասում է Հայաստանի կողմից վերջին երկու տարում վարվող արտաքին քաղաքական կուրսին: Ի դեպ, Երևանում ևս նման մեկնաբանություններ հնչեցին:


«Որևէ սենսացիա տեղի չի ունեցել: Մենք արել ենք այն, ինչ բխել է մեր պետական շահերից և այն, ինչի մասին մշտապես խոսել ենք, որ պետք է խորացնել հարաբերությունները և՛ Եվրասիական կառույցների հետ, ինչպես նաև խորացնել մեր հարաբերություններն ու երկխոսությունը եվրոպական կառույցների հետ», - Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ արձանագրելով, թե որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավար մարմնից որևէ պաշտոնյա, չի հայտարարել, որ մենք դեմ ենք Եվրասիական միությանը:


«Պետք չէ խտացնել գույները, և այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին: Նախ և առաջ պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և պատրաստակամություն են հայտնել ավելի նպատակադրված աշխատել եվրասիական ինտեգրման գործընթացների ուղղությամբ: Եվ մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսվել է»,- ասաց նա:


ՀՀԿ խոսնակն ընդգծեց. «Մեր կարծիքով եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնող են, և դրա մասին մենք մշտապես ասել ենք: Ուզում եմ հիշեցնել նաև , որ Եվրասիական միության հետ Հայաստանի կառավարությունը ստորագրել էր համագործակցության հուշագիր: Եվ նման իրողությունների պայմաններում խոսել, որ դա հակասում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, իրականությունից հեռու է: Ընդամենը մի բան պետք է ասեմ, մեր «և՛ և՛»-ի քայլերը, այսինքն՝ խորացնել հարաբերությունները երկու ուղղություններով, այս բոլոր հարցերին պատասխան է տվել հանրապետության նախագահը Մոսկվայում՝ հստակ ասելով, որ այս որոշումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ»:


Որպես ամփոփում ՀՀԿ խոսնակը նշեց, որ պետք չէ խտացնել գույները և պարզապես պետք է վստահել երկրի նախագահին:


«Եվ ես կարծում եմ և համոզված եմ, որ իմ երկրի նախագահի որոշումը շատ կշռադատված է, ռացիոնալ և ազգային շահերից բխող»,- ավելացրեց հանրապետական պատգամավորը:


Ինչ վերաբերում է Արևմուտքից և ՌԴ-ից տարբեր՝ նախկին և ներկա պաշտոնյաների շուրթերով հնչող հայտարարություններին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, ապա հանրապետական պատգամավորն ասաց. «Հայաստանն իր ընտրությունը կատարել 1991թ. սեպտեմբերի 21-ին»: