Ռուսաստանը չի հանձնի Սնոուդենին, նա կարող է իրեն ապահով զգալ. Պուտին

13:20 • 04.09.13

Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել, կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն:

 

«Նա տարօրինակ տղա է: Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ կյանքի է դատապարտել: Չեմ պատկերացնում, թե հետո ինչ է անելու: Բայց պարզ է արդեն, որ մենք նրան չենք հանձնի, նա կարող է իրեն ապահով զգալ այստեղ»,- ասել է Պուտինը Ռուսական ալիքին և Associated Press-ին տված հարցազրույցում:

 

«Բայց հետո՞ ինչ է լինելու: Գուցե, որոշ ժամանակ անցնի, և Ամերիկան ինքը հասկանա, որ գործ ունի ոչ թե դավաճանի և լրտեսի հետ, այլ մարդու, ով ունի որոշակի համոզմունքներ, դրանք կարելի է տարբեր կերպ գնահատել: Եվ գուցե այդ հարցում որոշակի փոխզիջումներ կարվեն: Ես չգիտեմ, դա նրա ճակատագիրն է, և նա է ընտրել: Նա համարում է դա ազնիվ, արդարացված, և համարում է, որ նման զոհեր հարկավոր են»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: