Թուրքիայի դեսպանը կվերադառնա Եգիպտոս

10:45 • 04.09.13

Կահիրեում Թուրքիայի դեսպանը, ով ավելի վաղ կանչվել էր Անկարա՝ թուրք-եգիպտական հարաբերությունների վատացման պատճառով, այսօր կվերադառնա Եգիպտոս, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը:

 

Դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալըն հետ էր կանչվել օգոստոսի 16-ին՝ խորհրդատվություն անցկացնելու պատրվակով: Դրան ի պատասխան՝ Եգիպտոսը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին:

 

Թուրք-եգիպտական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել էին, քանի որ պաշտոնական Անկարան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը «ռազմական հեղաշրջում» էր որակել:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հայտարարել է, որ դեմ չեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե վերջինս դադարի խառնվել Եգիպտոսի ներքին գործերին:

 

«Մենք սպասում ենք թուրքական իշխանությունների՝ ապագայում անելիք քայլերին, և մեր դիրքորոշումը կհստակեցնենք դրանից հետո»,-ասել է Մանսուրը: