Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից դասասենյակ՝ «Ստեղծագործարան»
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ «ստեղծագործարան»: Նորարարական լուծումներով դասասենյակի ստեղծումը հնարավոր է դարձել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և Սարդարապատի դպրոցի համագործակցության շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք «ՎիվաՍել-ՄՏՍ»–ի մամուլի ծառայությունից։
«Այստեղ տեղադրվել է էլեկտրոնային գրատախտակ (smart board), ինչպես նաև 6 նոր համակարգիչ: «Ստեղծագործարանը» 30 աշակերտի համար նախատեսված լուսավոր մեծ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեությունը և տարբեր աշխատանքների համադրումը: Մասնավորապես` համակարգչի օգտագործմամբ և տեխնոլոգիայի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպումը, քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը։
«Երեխային տվեք հնարավորություն, և նա ինքը կբացահայտի իր ձիրքերը: Եթե մեզ հաջողվի կրթական միջավայրը դարձնել գրավիչ` արդյունքն իրեն սպասել չի տա: Մենք առաջնորդվում ենք այդ ուղղությամբ` վստահ լինելով, որ այսօր ներդրված ջանքերը չափազանց կարևոր են լինելու վաղվա համար: Կրթության հանդեպ մեր ազգի յուրահատուկ վերաբերմունքը պետք է օգտագործել նպատակային և լավ հող նախապատրաստել հմուտ մասնագետներ ունենալու համար»,-նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման կհանձնի ևս մեկ «ստեղծագործարան»` Արագածոտնի մարզի Արտենի համայնքում»,– մասնավորապես, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։










