Անհնար է Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրումը առանց ԽՀԱԱՏ–ի. Ալեքսանդր Արզումանյան

14:37 • 05.09.13

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության վերջին պարբերությունը, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԱՀ/ԽՀԱԱՏ) կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ բնավ չի նշանակում, որ կարելի է Մաքսային միությանը միանալ, իսկ ԵՄ-ն հնարավոր կհամարի համադրել այդ երկուսը: Այլ խոսքով՝ տանել «և՛...և՛»-ի քաղաքականությունը՝ նախաստորագրելով ԱՀ/ԽՀԱԱՏ-ը՝ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Դա բացառված է, ընդամենը կոչ եմ անում ձեզ մտնել համապատասխան սայթերը և տեսնել՝ ինչ բան է Ասոցացման պայմանագիրը: Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի համար նշանակում է սահմանել առևտրային հարաբերությունների խորությունը: Եվ կախված քաղաքական հարաբերությունների մակարդակից, առաջարկվում են տարբեր ձևեր. դա մաքսային միություններն են, ազատ առևտրի գոտիները և մեզ առաջարկվող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը»,– ասաց նա:


«Կարող են լինել տարիֆային համագործակցություններ… սա փաթեթ է. մեկ փաստաթուղթը մյուսից չի կարող տարանջատվել»,- մեկնաբանեց Ալեքսանդր Արզումանյանը և ավելացրեց.«Կոպիտ ասած՝ Ասոցացման համաձայնագիրը պրեամբուլան է, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը՝ օպերատիվ պարագրաֆներն են: Եվ ինչպես որևէ պայմանագրում դու չես կարող միայն պրեամբուլան ստորագրել, այնպես էլ սա»:


Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի հայտարարության վերջին պարբերությունում ասվում է. «Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱՏ-ը բազմակողմանիորեն շահավետ բարեփոխումների մոդել է և ոչ թե խաղ, որտեղ հաղթողներ և պարտվողներ կան, և կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»:


Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ինքը դեմ չէ այլ երկրների հետ առևտրային հարաբերություններ ունենալուն և տնտեսական համագործակցությանը և որպես օրինակ նշեց այն, որ ԵՄ-ի հետ տարվող 3,5 տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որ որին չի բացառել ԽՀԱԱՏ-ը:


Եվ այդ հարցերը կարգավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ընդունած նորմերով և որևէ ազատ գոտու կանոնադրություն չի կարող հակասել այդ ընդհանուր նորմերին:
«Կան ուղղակի տարբեր գոտիների շահերի բախում կարող է լինել: Մի երկրին այս քաղաքականությունը դուր գա կամ մյուսը, բայց հակասության մեջ չպետք է մտնեն»,-նշեց ՀՀ նախկին արտգործնախարարը:


«Եվ այդ առումով Հայաստանը ունի մի շարք հարևաններ, նա չի կարող դադարեցնել առևտրային-տնտեսական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը որևէ եզր չունի ԵՄ-ի հետ, բայց կրկնում եմ՝ այդ հարաբերությունները չպետք է հակասության մեջ մտնեն մեր կողմից ստանձնած պարտավորություններին»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը և հավելեց, որ ԵՄ–ը երբևէ չի ասել, որ մենք պետք է խզենք կապերը Ռուսաստանի հետ:


«Եվ որևէ քաղաքական ուժ այսօր Հայաստանում հարց չի դնում ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ի հետ չհամագործակցելու մասին: Մենք քաջ գիտակցում ենք ԼՂ անվտանգության հարցի կարևորությունն այս երկկողմ հարաբերությունների համատեքստում: Մենք ընդամեՆը ասում ենք, որ Հայաստանն այլևս 20 տարի անկախ պետություն է, և որևէ երկրի կցորդը, վասալը ու ոտատեղին չի կրող լինել: Եվ ՀՀ որևէ նախագահի չպետք է տանել որևէ մայրաքաղաք և պարտադրել որևէ բան ստորագրել»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ի պատասխան հարցի, թե որտեղից՞ նման տեղեկատվություն և եթե անգամ այն համապատասխանում է, ապա կա՞ դրա մասին բարձրաձայնելու պրակտիկա, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այո, կա՝ բարձրաձայնելով դիվանագիտական տարբեր խողովակներով արտահոսքերի մասին:


Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ եվրոպական ինտեգրման ընդդիմախոսների հիմնական և ամենապրագմատիկ հակափաստարկն այն է, որ մի նժարի վրա դրված է ՀՀ և ԼՂՀ-ի ֆիզիկական անվտանգության հարցը, մյուսի վրա ինչ-որ այլ բաներ, և եթե Ալեքսանդր Արզումանյանը նշում է սպառնալիքների ու շանտաժների մասին, ապա չպե՞տք է հաշվի նստի առկա իրողությունների հետ, ՀՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ մեր անկախությունը ոչ թե ինչ-որ մեկը մեզ մատուցել է սկուտեղի վրա, այլ մենք պայքարել ենք:


«ԼՂ պատերազմի սկզբից սովետական բանակը, որը տեղակայված էր Ադրբեջանի տարածքում պայքարում էր ԼՂ-ի և Հայաստանի դեմ: Պետք է պայքարես քո անկախության համար: Ես նախընտրում եմ ապրել ոտքերի վրա, քան քարշ գալ չորեքթաթ: Դա մեր ընտրելիքն է: Մեր ժողովրդի որոշումն է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ առհասարակ, նման ճակատագրական որոշումներ կայացնելիս պետք է դա որոշվի հանրաքվեի միջոցով։