Ջավախահայությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին
«Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն» այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ 2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալված Արմեն Չախալյանի օգոստոսի 9-ի դատավարության ժամանակ բոլոր հիմնավոր և արդարացի միջնորդությունները դատարանի կողմից մերժվել են, և Արմեն Չախալյանը թողնվել է կալանքի տակ:
Հայտարարությունում ասվում է, որ ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 30-ին՝ Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն) և այդ ժամանակից որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվեց կալանքը:
«Օգոստոսի 9-ի դատական նիստից հետո օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի և սեպտեմբերի 3-ի դատական նիստերը, ըստ էության, չկայացան՝ դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել է:
Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից և ներկաներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Արմեն Չախալյանը, վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Ասվում է նաև.«Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության շուրջ ընթացող զարգացումները բացահայտ անօրինական են, դրանք ուղղակի հակասում են իշխանափոխությունից հետո Վրաստանում և նրա հայաբնակ շրջաններում ժողովրդավարության հաստատման, օրենքի և արդարության վերականգնման գործընթացի տրամաբանությանը»։
Նշվում է, որ «Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն», արտահայտում է այս հարցում ամբողջ ջավախքահայության դիրքորոշումը և կոչ է անում Վրաստանի կառավարությանը դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված գործը կարճելու, ինչպես «նաև Սամցխե-Ջավախքում Սաակաշվիլու–Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ», քանի որ «սաակաշվիլիական–մերաբիշվիլիական մեթոդները և գործելաոճն այլևս իրենց սպառել են»։
Ջավախքի հայ բնակչությունը կողմ է երկրամասում և Վրաստանի այլ տարածքներում ժողովրդավարական, բաց և թափանցիկ քաղաքական համակարգի հաստատմանը, որը հիմնված է լինելու մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա։
Tert.am-հետ զրույցում Վահագն Չախալյանը, ի պատասխան հարցի, թե տեղյա՞կ է, որ կա քաղաքական որոշում իր եղբորը կալանքի տակ թողնելու և անպայման դատապարտելու վերաբերյալ, ասաց.«Ճիշտն ասած՝ խափանման միջոցը փոխել ուզում են, ուղղակի անընդհատ ձգձգում են: Ասացին, որ ամսի 9-ի դատական նիստից հետո պետք է ազատ արձակեն (կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելը), բայց դատավարություն տեղի չի ունենում»:










