Չինաստանում «ժպտացող չինովնիկը» դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու համար

10:46 • 05.09.13

Հյուսիսարևմտյան Չինաստանում այսօր 14 տարվա ազատազրկման է դատապարտվել «ժպտացող չինովնիկը»: Շենսի նահանգի աշխատանքի անվտանգության վարչության նախկին պետ Յան Դացայը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:

 

Քննությունը պարզել է, որ չինովնիկին պատկանող սեփականությունը չէր կարող ձեռք բերված լինել իր համեստ աշխատավարձով: Դատարանը Յանին նաև 50 հազար յուան տուգանք է նշանակել:

 

Յան Դացայը հասարակության մեջ համընդհանուր դժգոհության ալիք էր առաջացրել, երբ համացանցում հայտնվել էին մարդկային զոհերով խոշոր ավտովթարի վայրից նրա լուսանկարները. չինովնիկը նայում էր մահացած մարդկանց և ջարդված մեքենաներին ժպիտով: Համացանցի օգտատերերը նկատել են նաև նրա ձեռքի թանկարժեք ժամացույցը: Ինքը՝ Յան Դացայը, վստահեցրել է, որ իր ժպիտով նա փորձել է քաջալերել շփոթված ենթականերին: