Արտուշ Մարգարյանի կինը պատմել է, որ ամուսինը որդու կորստյան պատճառով վերջերս դարձել էր դյուրագրգիռ
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մայրը ամուսնու՝ Արտուշ Մարգարյանի այսօր կատարած ինքնասպանության փորձից հետո Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց որդու կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանն այսօր դանակով մի քանի հարված էր հասցրել իր մարմնին, կտրել երակները, ինչից հետո տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել էր վիրահատության։
Վիրահատության ավարտից հետո, վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Արտուշ Մարգարյանի կինը պատմել է, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:
Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:
Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։










