Ոչխար. Գորիկ Հակոբյանը` կառավարության առջև իրեն վիրավորող քաղաքացուն
Կառավարության շենքի առջև այսօր ակցիա իրականացնող քաղաքացիները տեսնելով նիստի բարձրացող Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին սկսեցին վիրավորական արտահայտություններ թույլ տալ. «Ափսոս է այդ կամերան, որ նկարում եք դրանց», «Պուտինը ոտքերը կսրբի ձեր վրա» և այլն:
Քաղաքացիների այս պահվածքից վրդովվեց Գորիկ Հակոբյանը, և ինքը ևս վիրավորական արտահայտություն թույլ տվեց քաղաքացու հասցեին. «Ոչխար»,- ասաց նա։
Նշենք, որ Կառավարության անդամները, որոնք բարձրանում էին Կառավարության հերթական նիստին չէին ցանկանում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը որոշում ընդունեց, որ ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միությանը:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ժպտալով ասաց. «Էս նկարվո՞ւմ եմ»:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը առանց որևէ բառ ասելու անցավ լրագրողների կողքով, իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին խնդրեց քաղաքավարություն ունենալ ու թույլ տալ անցնել:










