Ամոթալի ու մերժելի միջադեպ. Առողջապահության նախարարությունը՝ Մասիսում բժշկին ծեծի ենթարկելու փաստի մասին

17:33 • 05.09.13

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է օգոստոսի 31-ին Մասիսի բժշկական կենտրոնում մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկելու փաստը:

 

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ 

 

Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։ Եւ շատ ավելի մեծ է այդ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Ամոթալի ու մերժելի նման միջադեպերը, դժբախտաբար, շարունակաբար կրկնվում են։


Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա, բիրտ ուժ է կիրառում անգամ հաշվի չառնելով, որ այդ պահին նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է իր հարազատին։ Բայց չէ որ ժողովրդական իմաստուն խոսքն ասում է` մի վնասիր քեզ օգնող ձեռքը։

 

Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

 

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնում հիվանդի հարազատների կողմից ծեծի էր ենթարկվել վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, ով, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հայրն է: