Հռոմի պապը նամակ է գրել Պուտինին
Հռոմի պապը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում G20 գագաթնաժողովի մեկնարկից առաջ, գրում է lenta.ru-ն: Սեպտեմբերի 4-ին ուղարկված հաղորդագրության տեքստը հրապարակել է «Վատիկանի ռադիոն»:
«G20-ի ղեկավարները չեն կարող անտարբեր մնալ ողբերգական դրության նկատմամբ, որում չափազանց երկար ժամանակ գտնվում է սիրիական ժողովուրդը և որը սպառնում է հետևանքներով տարաձայնությունների մեջ աղտոտված և խաղաղության կարիք ունեցող տարածաշրջանի համար»,- գրել է Հռոմի պապը Պուտինին՝ որպես գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող երկրի ղեկավարի:
Նա կոչ է արել G20-ի մասնակից երկրներին հաղթահարել բոլոր տարաձայնությունները, դադարեցնել ռազմական միջամտության տարբերակների քննարկումը և փորձել խաղաղ ճանապարհ գտնել սիրիական խնդիրը լուծելու համար:
«Բոլոր երկրների նախագահները բարոյապես պարտավոր են անել հնարավորը հումանիտար օգնություն ցուցաբերելու հակամարտության պատճառով տուժածներին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս»,- հավելել է Հռոմի պապը:










