Գենդերը շատ վտանգավոր ական է ներդրված մեր արժեհամակարգի մեջ. Եպիսկոպոս
Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստյանն այսօր կայացած ասուլիսին անդրադառնալով գենդերային հավասարության մասին օրենքում տեղ գտած «գենդեր» բառի գործառույթին՝ ասաց, որ գենդերը շատ վտանգավոր ական է ներդրված մեր արժեհամակարգի մեջ:
«Հայ եկեղեցին կնոջ և տղամարդու հավասարության բացարձակ կողմնակիցն է, սակայն դեմ է այդ տերմինը գործածելուն»,– ասաց նա:
«Ես դեմ եմ գենդեր տերմինը գործածելուն այն կոնտեքստի մեջ, որն արծարծված է, իսկ կառավարությունը, ըստ էության, որևէ էական փոփոխություն չի արել»,- նշեց եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ գենդեր բառի հստակեցման հետ կապված պետք է ուշադիր լինել:
Խոսելով հայ եկեղեցու մտահոգությունների մասին՝ նա ավելացրեց, որ մտահոգության առարկաներից են, օրինակ, գենդերային հավասարության մասին օրենքը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումը:
«Այս հիմնախնդիրը մենք վերնագրել էինք «Հայաստանի չծնված մայրերը»: Սա աղետալի չափերի հասած խնդիր է, որին ոչ ոք այսօր լրջորեն չի մոտենում»,- ասաց նա:
Լուսանկարը՝ en.wikipedia.org-ի










