Իսրայելն առաջին անգամ բաց տեքստով կողմ է արտահայտվել Ասադի տապալմանը

16:19 • 17.09.13

Իսրայելի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ կողջունեին Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը։

 

Դիվանագետի խոսքով՝ ապստամբների հաղթանակը (անգամ ներառյալ «Ալ-Կաիդայի» զինյալները) չարյաց փոքրագույնը կլինի, քան առկա սիրիա-իրանական դաշինքի պահպանումը։

 

«Հենց ամենասկզբից մենք ասում էինք, որ Բաշար ալ-Ասադը պետք է հեռանա։ Ավելի լավ են «վատ տղաներն» առանց Իրանի հետ կապերի, քան նրանց հետ»,-ասել է դեսպանը։
 

Օրենն ընդգծել է, որ իսրայելյան ղեկավարությունը հրաշալի հասկանում է, որ Ասադին հնարավոր փոխարինողները երկրի բարեկամները չեն լինելու։
 

Դեսպանը նաև հայտարարել է, որ Իսրայելը սիրիական հակամարտության մեջ ունի սեփական «կարմիր գիծը», որն իր երկիրը թույլ չի տա հատել։


Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ խոսքը ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մասին է, այլ այդ զենքը «Հըզբոլլահի» կամ ահաբեկչական խմբավորումներին հանձնելու։

«Եթե դա տեղի ունենա, ապա մենք ձեռքներս ծալած չենք նստի»,-ասել է դիվանագետը։