Արտասահմանյան շոկոլադ արտադրողները 23 մլն դոլար տուգանք կվճարեն

13:49 • 17.09.13

Nestle, Mars, Cadbury Adams և Hershey ընկերությունները, որոնք ավելի վաղ մեղադրվել էին Կանադայում գնային պայմանավորվածության գալու համար, պատրաստ են 23,2 մլն դոլար փոխհատուցում վճարել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:

 

Չնայած ընկերությունները չեն ընդունում իրենց մեղքը, սակայն ցանկանում են խուսափել հետագա դատական գործընթացներից և վնասներից:

 

Ավելի վաղ Կանադայի իրավապահ մարմինները պարզել էին, որ այս ընկերությունների ղեկավարները 2005-ից 2007 թվականների ընթացքում ռեստորաններում, սրճարաններում և համաժողովներին տեղեկություններ են փոխանակել արտադրության ծավալների մասին և գնային պայմանավորվածություն ձեռք բերել:

 

Ընկերությունների վճարած գումարներն ուղղվելու են սպառողների փոխհատուցման վճարման հիմնադրամ: Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր 2005-ից 2007 թվականների ընթացքում ամենաքիչը 1.000 դոլար արժողությամբ շոկոլադե արտադրանք են գնել, կարող են դիմել հիմնադրամին՝ փոխհատուցում ստանալու համար: