Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն օծել է Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցին ու անվանել Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա, ուր սեպտեմբերի 17-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ օծվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվել առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, առաջնորդանիստ համալիրի կառուցման բարերարները, այս առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մոսկվա ժամանած թեմակալ առաջնորդներ և բարերար հայորդիներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ պետական այրեր, գիտության, կրթության մշակներ, մշակույթի անվանի գործիչներ, Ռուսաստանի Դաշնության և մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչներ:
Արարողությանն իր մասնակցությունն է բերել նաև Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ուղեկցությամբ:
Հանդիսավոր արարողությունը սկսվել է հանդիսավոր թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդարանից եպիսկոպոսների, Մայր Աթոռի միաբանների և թեմի քահանայից դասի կողմից առաջնորդվել է դեպի նորակառույց սուրբ տաճարը: Օրհնելով ներկա բազմահազար հայորդիներին` Վեհափառ Հայրապետը բարձրացել է խորան, ուր սկսվել է շքեղակառույց առաջնորդանիստի օծման արարողությունը:
Հընթացս սրբազան արարողության սաղմոսերգության ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացել են տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները, ապա Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծել է եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Սրբազան Հայրերը` չորս ավետարանիչների անունով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները: Օրհնելով նորակառույց եկեղեցին` Նորին Սրբությունն այն անվանել է Ս. Պայծառակերպություն եկեղեցի:
Օծման արարողության ավարտին Ս. Խորան է բարձրացվել Մայր Աթոռում պահվող Տիրոջ Ս. Խաչափայտի մասունքից մի նշխար` ամփոփված մասունքարան-խաչի մեջ, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից այս նշանակալի առիթով ընծայաբերվել է նորաօծ Ս. Պայծառակերպություն եկեղեցուն` ի զորացումն թեմի հավատացելոց հոգևոր կյանքի: Եկեղեցուն նվիրաբերվել է նաև գեղեցկազարդ կանթեղ:
Ս. Սեղանի վրա Ս. Խաչի մասունքի զետեղումից հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, անդրադարձել է այս եկեղեցու կարևորությանը ռուսահայության կյանքում, ապա հանուն թեմի թեմական խորհրդի, հոգևորականաց դասի և բարեպաշտ հայորդիների` շնորհակալություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու կառուցման ողջ ընթացքում Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի կողմից ցուցաբերվող մշտական զորակցության և հրաշակերտ տաճարի օծման համար: Այնուհետև հայրապետական իր օրհնությունը ներկա բարեպաշտ ժողովրդին է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` առ Բարձրյալն Աստված գոհաբանությամբ անդրադառնալով ռուսահայոց հոգևոր կյանքում կարևոր այս հանգրվանի նշանակությանը:
«...Հոգևոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր` առաջնորդանիստ հոյակերտ համալիրով: Եկեղեցին կոչեցինք Պայծառակերպություն անունով, քանզի այն նոր պայծառություն պիտի բերի ռուսահայ համայնքին: Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգևոր նորոգությամբ ու զորությամբ: Արդարև, ընդհանրական Եկեղեցու Հայրապետներից Սուրբ Հովհան Ոսկեբերանը Եսայու մարգարեության մեկնության մեջ Եկեղեցին նմանեցնում է բարձր լեռան, որը դիմակայում է չարի ամեն հարձակման, իսկ մեր Եկեղեցու սուրբ Հայրապետ Հովհան Մանդակունին եկեղեցին կոչում է երկինք երկրի վրա, որտեղ մենք հաղորդակցվում ենք երկնայիններին, մարմնավոր իրողություններից բարձրանում դեպի հոգևորը, միավորվում ի Քրիստոս` կազմելով հավատացելոց հավաքականությունը, Քրիստոսի խորհրդական մարմինը: Տաճարը քարեղեն մանրակերտն է մեր այդ հոգևոր հավաքականության, որի մասին առաքյալն ասում է. «Օտար և պանդուխտ չեք, այլ սրբերին քաղաքակիցներ և Աստծո ընտանիք՝ կառուցված առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է» (Եփ. 2:19-20)», - նշել է Վեհափառ Հայրապետը:
Խոսելով հայ ժողովրդի և Ռուսաստանի հայ համայնքի կյանքում Եկեղեցու առանձնահատուկ առաքելության մասին` Նորին Սրբությունը մասնավորապես ասել է. «Աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունի եկեղեցու միավորող ու պայծառակերպող սրբարար ներգործությունը: Հայ ժողովրդի պանդուխտ զավակները Մայր Հայրենիքից հեռու Մայր Եկեղեցու գրկում համախմբվեցին ու հոգևոր արժեքներով զորանալով և եղբայր ժողովուրդների ու պետությունների սատարումով ու օգնությամբ, ինչպես այստեղ` Ռուսաստանի Դաշնությունում, կազմակերպեցին ազգային-եկեղեցական իրենց կյանքը և հաստատուն պահեցին հավատքն ու ազգային միաբանության ոգին:
Սիրելի հավատավոր զավակներ Մեր, առաջնորդանիստ այս հոյակերտ եկեղեցին Մենք օծեցինք հավատով, որ այն նոր լիցք և վերելք է բերելու համայնքային ձեր կյանքում` հրավիրելով աղոթքի, աստվածպաշտության, հոգևոր նորոգության, ազնիվ ու արդար գործերի: Եկեղեցին նաև հրաշագեղ պատկերաքանդակներով, որոնք որպես մեր դարավոր պատմության մաքառումների ու հաղթանակների էջեր` արձանագրված նվիրական աղոթավայրի սրբատաշ քարերին, պիտի հանապազ քաջալերի ձեզ ազգային ոգու, եկեղեցանվիրումի ու հայրենասիրության մեջ: Այս պերճաշուք պատկերաքանդակները այլազգի մեր եղբայրներին պիտի ծանոթացնեն հայոց պատմության հիշարժան դրվագներին, վասն հավատո և վասն հայրենյաց պայքարներին, մեր ժողովրդի` երկրից երկինք ձգվող փառավոր գործերին, որոնց շարունակողներն այսօր դուք եք ձեր հավատավոր կյանքով ու ընթացքով»,- ասել է կաթողիկոսը։
Նորին Սրբությունը հորդորել է հայորդիներին զորավոր պահել իրենց հավատքը, եկեղեցասիրության և ազգասիրության ոգին, միշտ հաստատուն քայլերով բանուկ պահել ճանապարհը դեպի այս սուրբ եկեղեցին, որտեղ բաշխվող Տիրոջ շնորհներն ու զորությունը ուժ և կորով պիտի տան ամենքին` սրտերում կրելու լուսեղեն պատգամները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ապրելու աստվածահաճո ընթացքով, հաղթահարելու մեր ժամանակների մարտահրավերները և մշտապես հավատարիմ մնալու հայրենական ժառանգությանն ու սրբազան արժեքներին:
Բերկրաշատ այս առիթով Վեհափառ Հայրապետը մասնավոր երախտագիտություն է հայտնել Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի քաղաքային իշխանություններին` եղբայրական սիրով ռուսահայության հոգևոր-ազգային կյանքի զորացմանն ու առաջընթացին սատարելու համար:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է բերել եկեղեցու բարերարներին` Հայոց Եկեղեցու հանդեպ իրենց որդիական սիրո և նախանձախնդրության համար, ինչպես նաև թեմական և եկեղեցական համայնքային վարչությանց բարեջան անդամներին, հոգևոր դասին և եկեղեցու կերտմանը կարևոր մասնակցություն բերած բոլոր անձանց:
Գեղեցկակերտ եկեղեցու օծման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդին և ի գնահատություն նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության Եզրաս Սրբազանին շնորհել է Արքության պատիվ և նրա կուրծքը զարդարել եպիսկոպոսական պանակեով:
Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Բարձրյալն Աստծո օրհնությամբ շենանան և զորանան Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը, Տիրոջ հոգևոր լույսով պայծառանան երկու Եկեղեցիները, և հավետ ամուր լինի հայ և ռուս եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին, ՀՀ նախագահին և ԼՂՀ նախագահին ընծայել է եկեղեցու օծման առիթով հրատարակված Ս. Գրիգոր Տաթևացու ձեռագիր Ս. Ավետարանի կրկնօրինակումը:
Այս ուրախալի առիթով իր շնորհավորանքի և օրհնության խոսքն է ասել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը: Նորին Սրբությունն անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև եկեղեցաշինության մեծ կարևորությանը` ի խնդիր աղոթական ոգու, Աստված-մարդ հարաբերությունների զորացման և հոգևոր արժեքների ամրապնդման:
Ամենայն Հայոց Հայրապետի կողմից թեմի համար կարևոր այս իրադարձության առիթով նաև վաթսուներեք անձանց, իբրև Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու բարերարների, Սրբատառ Կոնդակներով շնորհվել են Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ շքանշաններ են հանձնվել Սամվել Կարապետյանին և Վլադիմիր Յակունինին:
Եկեղեցու օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը և արարողությանը մասնակից հայորդիներն ու հյուրերն այցելել են առաջնորդարանի դահլիճում բացված «Հայերը Մոսկվայում. պատմական ուղի» ցուցահանդեսը, շրջել են նորաբաց համալիրի կառույցներում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կատարել են բացումը համալիրի տարածքում գտնվող Սիրո և եղբայրության հուշաղբյուրի` նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը:










