Թուրքիայի սահմանի նկատմամբ ոտնձգություններն անպատասխան չեն մնալու. Դավութօղլուն՝ սիրիական ուղղաթիռի դեպքի մասին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թույլ չեն տալու սահմանի հանդեպ որևէ ոնձգության իրականացում, տեղեկացնում է CNNturk-ը։
Արտգործնախարար Դավութօղլուն Փարիզում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա տեղեկացրել է, որ թուրքական զինված ուժերի կողմից սիրիական ինքնաթիռը խփելու լուրն ստացել է Ֆրանսիայի և Բրիտանիայի արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում։
«Սիրիայի հետ սահմանից 5 մղոն հեռավորության վրա նկատվել է ուղղաթիռ։ Բոլոր զգուշացումներին ի պատասխան՝ ուղղաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը և դուրս չի եկել այնտեղից։ Դրանից հետո ուղղաթիռը խփվել է»,-ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ ինքն արդեն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
«Որևէ մեկն այսուհետ Թուրքիայի սահմանի հանդեպ որևէ ոտնձգություն կատարելու խիզախություն չպետք է ունենա։ Այս հարցի առնչությամբ միջոցառումներ են իրականացվում»,-ասել է նա։










