Թուրքական դատարանը Դինքի գործով նախկին կասկածյալին դարձյալ կալանավորելու որոշում է կայացրել

15:49 • 17.09.13

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը սկսել է Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայ խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննությունը։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, դատարանը Դինքի գործով հարցաքննված, ապա արդարացված և ազատ արձակված Էրհան Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել։

 

Մինչ այդ, դատարանի մոտ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց կոչել են «Հրանտի ընկերներ»։ Հավաքվածների թվում եղել են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, լրագրողներ, մտավորականներ։

 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել վերսկսված դատավարությանը, քանի որ սպանությանը հաջորդած 6 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և իրական կազմակերպիչները չեն պատժվել։