Ամերիկացի միլիոնատիրուհին իր կարողությունը կտակել է խնամակալներին. ազգականները վրդովված են

13:22 • 17.09.13

Ամերիկացի միլիոնատիրուհի Հյուգեթ Քլարկը, ով մահացել է 2011-ին 104 տարեկանում, հարյուրավոր միլիոնների ժառանգությունը թողել է իր խնամակալներին, ինչը զայրացրել է նրա ազգականներին, գրում է The Independent-ը:

 

Հյուգեթն իր կյանքի վերջին 20 տարիներն անցկացրել է Նյու Յորքում գտնվող հիվանդանոցում: Իր 300 մլն դոլար ժառանգությունը նա թողել է ոչ թե իր բարեկամներին, այլ մի քանի հոգու, ովքեր իր կյանքի վերջին տարիներին խնամել են իրեն:

 

Այժմ Հյուգեթ Քլարկի 20 բարեկամները փորձում են դատարանի միջոցով ստանալ ժառանգության իրենց մասը և ապացուցել, որ ժառանգություն ստացածները ստիպել են միլիոնատիրուհուն գրել այդ կտակը:

 

Իր կտակում, որտեղ Հյուգեթն իր կարողության 75 տոկոսը հանգանակել է բարեգործությանը, իսկ մնացածը՝ իր սանուհուն և մի քանի բուժաշխատողների, նշել է, որ միտումնավոր իր ընտանիքի անդամներին ոչինչ չի ժառանգում, քանի որ գրեթե չի շփվել նրանց հետ տարիներ շարունակ:

 

Հիվանդանոցում մաշկի քաղցկեղի վիրահատությունից հետո, Հյուգեթ Քլարկը չի ցանկացել դուրս գրվել և մնացել է հիվանդանոցում կեղծանվան ներքո։ Նրա բուժքույրը՝ Հադասա Փերին, ով օրական 12 ժամ անցկացրել է նրա կողքին, կյանքի ընթացքում ստացել է 31 մլն դոլար և մոտ 30 մլն դոլար՝ կտակով: