Մեր պետականությունը վտանգի տակ է, այսպես շարունակել չի կարելի. Րաֆֆի Հովհաննիսյան

13:01 • 17.09.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց բոլորին բարի աշուն մաղթելով և հայտարարեց, որ երկրում տիրող իրավիճակի մասին իր տեսակետը ժողովրդի զգալի մասը կիսում է:

«Իմ տեսակետը կիսվում է ժողովրդի զգալի զանգվածի կողմից, դա այն է, որ երկրի պետականությունը վտանգի տակ է: Այս ընթացքում կրկին եղել եմ մարզերում, և բոլորը գիտեն, որ այսպես շարունակել չենք կարող»,- ասաց նա և ավելացրեց. «Այս իշխանությունը օրենքից դուրս է, թալան է, սկանդալ է, օֆշոր է»:

Նա հանդես եկավ միասնականության կոչով՝ հայտարարելով, թե միասին գործելու ժամանակը եկել է, և առաջիկա ուրբաթը հենց այդ օրն է. «Դա ոչ թե իմ կողմից է հրավիրված, այլ մնացածը հավասար սկզբունքներով կմասնակցեն, և լինելու է համազգային բողոք Ազատության հրապարակից: Բոլորը պետք է, ի վերջո, գան հրապարակ, նրանք, ովքեր մտահոգ են մեր երկրի ինքնիշխանությամբ և ազատությամբ»:

Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունը թուրք-ամերիկյան ճակատում ազգային շահը ենթարկում է փորձարարական առաջարկների, իսկ վերջին շրջանում առանց որևէ հիմնավորման երկրի ինքնիշխանությունը, որը սահմանադրական պահանջ է, դնում է նժարի վրա և կայացնում միանձնյա որոշումներ:

«Շատ լավ է, որ պարոն Ֆյուլեն գալիս է և արդարացիորեն բողոքում է մեր քաղաքացիների դեմ իրականացված բռնություններից, բայց շատ լավ կլինի, որ մեր իշխանությունները խոսեն այդ մասին»,- ասաց նա և ավելացրեց, որ այն մաքսային միությունը, որն ուզում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն իրականացնել, պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը:

«Ժառանգության» առաջնորդը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը համարեց բոլշևիկյան հակահայկական քաղաքականության մերօրյա օրինակ. «Դա վտանգում է մեր արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը և մեր ինքնիշխանությունը»: