ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գրեթե համաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել Արարատում
Նոյեմբերի 8-ի երկրորդ կեսին Արարատ քաղաքում անսովոր իրավիճակ էր. այստեղ էր գտնվում ՀՀԿ-ից՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արթուր Գևորգյանը, Առաքել Մովսիսիյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք, իսկ «Բարգավաճ Հայաստանի» կողմից Արարատում էր ողջ քաղաքական թիմը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ՀՀԿ –ն Արարատում էր՝ մասնակցելու և աջակցելու Արարատի համայնքի ղեկավարի ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի, իսկ «Բարգավաճը»՝ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի եզրափակիչ նախընտրական քարոզարշավին:
Այս նախընտրական քարոզարշավի հիմնական ինտրիգն այն էր, որ երկու թեկնածուները հանրահավաքի անցկացման հայտերը ներկայացրել էին գրեթե՝ միաժամանակ, սակայն, ինչպես Tert.am –ին փոխանցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ հանրահավաքն անցկացվել է Արարատի Շահումյան 4 հասցեում, ՀՀԿ-ինը՝ Արարարատի հրապարակում:
ԲՀԿ հանրահավաքն սկսվել է ժամը 18: 00 –ին: Հանրահավաքի ժամն ու տեղը պատահական չի նշվում, քանի որ հիմնական ինտիգն այն էր, թե՝ եթե Արարատում համաժամանակյա եզրափակիչ հանրահավաքներ լինեն, ո՞ր քաղաքական ուժը կզիջի Արարատի հրապարակը: Մամուլում կար նաև հետևյալ հարցադրումը՝ ո՞ւմ հանրահավաքին կմասնակցի Արարատում մեծ ազդեցություն ունեցող ԱԺ նախագահը:
Ինչպես Tert.am- ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իրենց հանրարահավաքին մասնակցել է մոտ 5000 մարդ, որի ընթացքում ելույթ են ունեցել Գագիկ Ծառուկյանն ու իրենց թեկնածուն:
Իսկ ՀՀԿ հանրահավաքն սկսվեց մոտ 1 մեկ ժամ 40 րոպե շուտ: Ի պատասխան հարցի, թե՝ նախապես ո՞ր ժամին է ծրագրաված եղել ԲՀԿ հանրահավաքը և արդյո՞ք առաջացել է մեկը մյուսին «ժամ զիջելու» խնդիր, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Նախապես մենք նախատեսել էինք մեր հանրահավաքն անցկացնել Շահումյան փողոցին հարող հատվածում և մեր նախապես որոշված տեղում և ժամին հանրահավաքը անցկացրել ենք: Որևէ տեղ չենք փողել, որևէ ժամ չենք փոխել»:
Այս ինտրիգի մասին հարցին ի պատասխան ԱԺ նախագահը լրագրողներին ասաց. «Հանգիստ թողեք, էս բոլորը երկու օրից կշտկվի, ընտրությունները երկու օրից կավարտվեն, շփվելու են իրար հետ, հաց են ուտելու, հարսանիք են գնալու, ուրախություն են անելու»:
Իսկ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը, ով կանգնած էր ՀՀԿ-ականների հետ, առաջարկեց ոչ մի տեղ չգնալ՝ քիչ հետո 50 տարվա կոնյակ էին խմելու:
Արարատի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծրագիրը, որը ներկայացնում է, իրատեսական է. շատ խոստումներ չեն տալիս, իսկ ինչ-որ ասում են, իրականացնելու են:
«Ստախոսների ոտքը կարճ է , մի´ հավատացեք մարդկանց, որոնք ճոխ խոստումներ են տալիս, բայց ոչինչ չեն անում»,-հայտարարեց ԱԺ նախագահը:
ՀՀԿ-ն ասաց, որ ամեն վատ բանի համար որոշ քաղաքական ուժեր մեղադրում են ՀՀԿ-ին, իսկ երբ լավ բան է լինում, վերագրում են իրենց: Սակայն հնչեց նաև ինքնաքննադատություն. «Կան մարդիկ, որ ստվեր են գցում հանրապետության նախագահի վրա, նման մարդկանցից կամաց-կամաց ազատվելու ենք և փորձելու ենք երիտասարդությանը ներգրավել, պրոֆեսիոնալ կադրերի … բարեկամ-հորեղբոր որդի չպիտի նայենք... Այն մարդը, ով կարողանալու է այդ գործն ավելի լավ անել, իրեն է պետք վստահել պաշտոնները: Եվ դրա համար մենք պետք է ընտրենք այնպիսի թեկնածուներ, որոնք կփորձեն տեղի պրոբլեմները լուծել ինքնուրույն »,-ասաց Աբրահամյանը:
Արարատի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն կիրակի:










