Իսպանական հեռուստաալիքի աշխատակիցները եթերում բողոքում են դրա փակման դեմ

17:50 • 08.11.13

Իսպանական Radiotelevisio Valenciana հեռուստառադիոընկերության աշխատակիցներն արդեն մի քանի օր օգտագործում են եթերն իրենց բողոքն արտահայտելու համար. նրանք բողոքում են այդ ընկերության գործունեությունը դադարեցնելու Վալենսիայի ինքնավար համայնքի իշխանությունների որոշման դեմ, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:

 

Մասնավորապես, հեռուստաընկերության եթերում, որը եթեր է հեռարձակվում Վալենսիայի բարբառով, հիշեցումներ են հայտնվում այն մասին, որ RTVV-ի փակվելուց հետո հեռուստադիտողներն այլևս հնարավորություն չեն ունենա նորությունների թողարկումներ դիտել հենց այդ լեզվով:

 

Եթերում նաև հայտնվում են կոչեր՝ ուղղված տարածքի իշխանություններին՝ չդադարեցնել հեռուստառադիոընկերության գործունեությունը։ Կոչերը հնչեցնում են հայտնի մարդիկ, մասնավորապես՝ իսպանական երաժշտության և սպորտի ներկայացուցիչները:

 

Անցած երեքշաբթի Վալենսիայի ինքնավար համայնքի կառավարությունը հայտարարել էր տեղական RTVV հեռուստառադիոընկերության փակման մասին՝ դրա անշահութաբերության պատճառով: