ԱՄՆ-ն կորցրել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքը՝ պարտքը չվճարելու պատճառով
ԱՄՆ-ն կորցրեց աշխարհում մշակույթի, գիտության և կրթության ոլորտում իր ազդեցությունը. ուրբաթ օրը երկիրն ավտոմատ կերպով զրկվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում, ձայնի իրավունքից՝ ժամանակին պարտքը չվճարելու պատճառով, գրում է Associated Press-ը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնների համաձայն՝ մինչև ուրբաթ առավոտ ԱՄՆ-ն պետք է իրականացներ վճարումը կամ զրկվեր կազմակերպությունում ձայնի իրավունքից: ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ն վճարում չեն կատարել:
ԱՄՆ-ն չի կատարել վճարումը՝ ի նշան ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամների ցուցակում Պաղեստինն ընդգրկելու մասին որոշման դեմ բողոքի:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իր պետությունն աջակցում է ԱՄՆ-ի որոշմանը և հանդես է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի կամ ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքականացման և գոյություն չունեցող երկրների, ինչպես Պաղեստինն է, անդամակցելու դեմ:
ԱՄՆ-ի ներդրումների դադարեցումը, որոնք տարեկան 80 միլիոն դոլար են կազմում (ՅՈւՆԵՍԿՕ-ի ողջ բյուջեի 22 տոկոսը), կազմակերպությանը ֆինանսական ճգնաժամի կարող են հանգեցնել։










