Ինչո՞ւ նախապես չէին կանխվել Շանթի գործողությունները. Գուրգեն Եղիազարյանի վարկածները

09:40 • 09.11.13

Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձեռնտու էր իշխանություններին՝ իրենց մութ գործերի համար, հակառակ դեպքում նա հարց է տալիս՝ ինչո՞ւ նախագահի անվտանգությունն ապահովող հատուկ վարչությունը չէր կանխարգելել Շանթ Հարությունյանի փայտերով ու պայթուցիկներով բացեիբաց զինված հեղափոխությունը։

 

Գուրգեն Եղիազարյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց՝ ինքը չի կասկածում Շանթ Հարությունյանի հեղափոխություն իրականացնելու անկեղծ մտադրության վրա, բայց դրանից օգտվել են նախագահի անվտանգության պատասխանատուները, իսկ դրանք ոչ թե ոստիկանությունն է կամ ԱԱԾ-ն, այլ հատուկ վարչությունը։

 

«Երբ խոսքը վերաբերում է Բաղրամյան 26-ին, ապա ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այստեղ հայտնվում են երրորդական, չորրորդական կարգավիճակում։ Բաղրամյան 26-ի համար, այսպես ասած նախագահի և բարձրաստիճան պաշտոնյանների անվտանգությունն ապահովելու համար երկրում գործում է հատուկ վարչություն, ում գործն էր նախապես կանխարգելել դա։ Այսինքն՝ նրանք պետք է ահազանգ անմիջապես գրանցեին և իրենց մակարդակով սկսեին գործողությունները, որը կկոչվեր պրոֆիլակտիկա կամ կանխարգելում»,– ասաց նա։

 

«Հիմա թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչը ձեռնտու էր Բաղրամյան 26-ին, իսկ թե ինչո՞ւ, հետո կպարզեն։ Հակառակ դեպքում ռեգրեսոր մեքենան անմիջապես գործողության կնետվեր։ Շանթի հեղափոխությունն ազնվորեն ծրագրված էր, բայց դրանից օգտվեց Բաղրամյան 26-ը՝ իր մութ նպատակներն իրականացնելու համար»,- հայտարարեց նա։

 

Հարցին, թե որոնք են այդ մութ նպատակները, Գուրգեն Եղիազարյանը մի քանի ենթադրություն արեց. «Մեկը ընդդիմությանը վարկաբեկելն էր մինչև մազերի ծայրը, մյուսը ԱԱԾ-ին ու ոստիկանությանը վարկաբեկելն էր՝ ներգրավելը այս ծեծուջարդի մեջ և վերջապես, գուցե, այս ամենը կազմակերպվեց, որպեսզի ցույց տրվի, թե ինչ ծանրագույն պայմաններում է գտնվում Սերժ Սարգսյանը երկրի ներսում»,- ասաց նա և հիշեցրեց, որ առաջիկայում ԱԱԾ պետի պաշտոնի խնդիր կա դրված։ «Որպեսզի Գորիկի աթոռին շտապ տեղավորվեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԱԱԾ–ի գործող ղեկավար Գորիկ Հակոբյանին, ում առողջական վիճակը օրերս կտրուկ վատացել էր, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել էին Գերմանիա։

 

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ իրենց սև գործն իրականացնելուց հետո անմիջապես իշխանությունները պետք է բաց թողնեն Շանթին ու նրա կողմնակիցներին։ «Նրանց գործողություներն առանց համաձայնեցման է եղել, ուղղակի իրենք լուռ ու մունջ ուղղորդել են։ Շանթին անհապաղ պետք է բաց թողնել, նաև նրանց ընկերներին։ Իրենք այսօր մարդասպաններին օրը ցերեկով բաց են թողնում, Շանթը, իր ընկերները ոչ մի բան չեն արել, ասել են՝ լեգիտիմ չի ու չեն սխալվել»,– ասաց նա։

 

Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ երեք օր շարունակ Շանթը հնչեցնում էր հայտարարություններ, որ Բաղրամյան 26–ը պետք է այրեն, սակայն բայց վարչությունը, որը կոչված է նման բաների հետամուտ լինելու, կանխարգելիչ գործողություներ կատարելու համար ոչինչ չարեց, նույնիսկ Ազատության հրապարակ Շանթի բերած փայտե ձողերը չհավաքեց, որ նախապես կուտակել էին։

 

«Ինչո՞ւ «Մարտի 1-ի» գործում իրենք ձև գտան, բերեցին ձողեր ցուցադրեցին ու իրենք էլ հավաքեցին, իսկ այս անգամ բահերի կոթերը, որն ամբողջ օրը հարթակի վրա էր և տղաները իրենց ձեռքը վերցրեցին, ինչո՞ւ ոչ մեկի մտքով չանցավ հավաքել։ Ի՞նչ է , Բաղրամյան 26-ի աշխատակիցները քոռացե՞լ ու խլացե՞լ էին, փոխանակ գնային ասեին՝ տղաներ հարկավոր չէ, խաղաղ երթի դուրս եկեք, մենք ժողովրդավարական երկիր ենք, եթե չեք հավատում պարոն Պրեսկոտին հարցրեք, ինչո՞ւ ոչ մի բան չարեց, ինչու երիտասարդներին ներքաշեցին այդ ջարդի մեջ, ո՞ր տականքի կամքով դա եղավ»,-ավելացրեց նա։

 

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի պաշտոնին, ապա դրա համար, ըստ Գուրգեն Եղիազարյանի, հիմա «միջպետական պատերազմ» է ընթանում կլանների միջև։ «Այդ պատերազմի արդյունքում էլ մեկը դառնում է այդ պաշտոնը կրողը։ Իսկ մինչ այդ կլաններ կան այդ պաշտոնի համար, մեկը՝ որ փորձ ունեցողի ընտրեն, երկրորդը՝ ՀՀԿ-ի երիտասարդներից տեղադրվի, մյուսը՝ ՀՀԿ-ի տարիքավորները իրենց միջից փորձեն տեղավորեն և այլն, գուցե նախագահի այդ վարչության սպաներից էլ աթոռի վրա աչք ունենան»,- եզրափակեց նա։