«Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկը քրիստոնյա հոգևորական կլինի
«Մուսուլման եղբայրներ» խմբավորման սիրիական բջիջը երեքշաբթի կհայտարարի քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, որի փոխնախագահը կդառնա քրիստոնյա հոգևորական, տեղեկացնում է Взгляд-ը՝ Լոնդոնում լույս տեսնող արաբական Asharq al-Awsat թերթին հղումով։
Ինչպես պարբերականին հաղորդել է Սիրիայի «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից Ալի Բայյանունին, կուսակցությունը կոչվելու է «Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն», իսկ կարճ տարբերակը՝ «Վաադ», ինչն արաբերենով նշանակում է «խոստում»։
«Վաադ» կուսակցությունը գլխավորելու է Մուհամմեդ Վալիդը, որը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, իսկ նրա տեղակալը կլինի քրիստոնյա հոգևորական, ում անունը չի հրապարակվում։
Բայյանունիի խոսքով՝ նոր կուսակցությունը պայքարելու է Սիրիայի ժողովրդի հավասարության, արդարության, արժանապատվության և ազատության համար և ձգտելու է երկրում ժողովրդավարական մեխանիզմներ սահմանել՝ կրթության իսլամական մոդելի հետ միասին։
«Կուսակցության առաջնորդները պայմանավորվել են հետևել ժողովրդավարության սկզբունքներին և ազատություններին՝ հանուն ժողովրդի, և չանել բացառություն որևէ մեկի համար»,-հայտարարել է սիրիական «Մուսուլման եղբայրների» առաջնորդը։










