Շանթ Հարությունյանին և նրա աջակիցներին ազատ արձակելու պահանջով երթը մեկնարկեց միջադեպով (լուսանկարներ, տեսանյութ, տարբերակ 2)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին և նրա աջակիցներին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնելու համար, որը մեկնարկեց միջադեպով։
Ակցիայի մասնակիցները, երբ պաստառներով ուզում էին սկսել երթը՝ ոստիկաններից մեկը մասնակիցների մեկի ձեռքից վերցրեց ցուցապաստառը, որի վրա պատկերված էին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ոստիկաններին ոչ այդքան ցուցապաստառի վրայի նկարներն էր զայրացրել, որքան դրա տակի գրությունը. «բոզավարի ապրողները»։
Ակտիվիստները անմիջապես աղմուկ բարձրացրեցին, որից հետո ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցապաստառով երիտասարդին, ինչին խոչընդոտեց ակցիայի կազմակերպիչ Արթուր Սաքունցը։ Նա Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանից հարցրեց, թե ինչ իրավունքով են պաստառը վերցնում, ինչին պատասխան Վալերի Օսիպյանը պատասխանեց. «բարոյական իրավունքով»։
Նշենք, որ երթը մեկնարկեց Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտային հարող խաչմերուկից։ Նրանք նպատակ ունեն շարժվել Ոստիկանության վարչական շենք, որի դիմաց կհնչեն իրենց պահանջներով ելույթներ, այնուհետև կշարժվեն դեպի Գլխավոր դատախազության շենք։
Ակտիվիստները համոզված են, որ նոյեմբերի 5-ին ակցիայի և բախման մասնակիցների նկատմամբ կիրառվել է բռնություն։ Նրանք համարում են, որ Ոստիկանության կողմից ներդրված սադրիչների միջոցով խաղաղ ակցիան խափանվել է։
Նշենք, որ նոյեմբերի 5–ի բախումների գործով բերման ենթարկվածներից 14 մարդու արդեն մեղադրանք է առաջադրվել՝ այդ թվում և Շանթ Հարությունյանին։
15:15
Երթի մասնակիցները «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», «Ազատություն» գոչյուններով հասան Ոստիկանության վարչական շենք: Ոստիկանությունը թույլ տվեց կանգ առնել միայն շենքի դիմացի մայթին: Այստեղ Արթուր Սաքունցը հնչեցրեց երթի պահանջները, որտեղից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազության դիմաց Արթուր Սաքունցն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպին։
«Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ազատ արձակելու որոշում է տվել: Իսկ այդ տղան կյանքից զրկեց Բուդաղյան եղբայրներից մեկին, իսկ ԶՈւ-ի գնդապետ մյուս եղբայրը ծանր վիրավորվեց: Դեռ ավելին գնդապետի նկատմամբ է գործ հարուցվել»,- հիշեցրեց նա:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ որպես հարկատուներ, իրենք Գլխավոր դատախազությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և կալանավորված այլ անձանց, քրեական հետապնդում իրականացնել Շանթ Հարությունյանի և նրա անչափահաս որդու նկատմամբ բռնություն կիրառած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ:
«Ոստիկանությունը իր անգործությամբ և ժամանակին աշխատանք չտանելով, նպաստեց մի իրավիճակին ստեղծմանը, որը հնարավորություն կտա Շանթ Հարությունյանին մեղադրել անհնազանդության մեջ: Մենք չենք հանդուրժելու ՀՀ անկախության ոչնչացումը»,- ասաց նա:
Երթի ավարտից հետո, Արթուր Սաքունցը նշեց, որ մասամբ շնորհակալ է ՀՀ ոստիկանությանը ակցիայի ընթացքում իրենց անվտանգությունը ապահովելու համար, սակայն հիշեցրեց, որ իրենք պարտավոր են հետ վերադարձնել իրենց կողմից առգրավված պաստառը:










