ԱՄՆ-ն անհանգստացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր դերի նվազմամբ

12:59 • 09.11.13

ԱՄՆ-ում անհանգստացած են ՅՈՒՆԵՍԿՕ-ում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման հարցում իրենց ազդեցության նվազմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկիրը զրկվել է կառույցում ձայնի իրավունքից, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

ԱՄՆ-ն զրկվել էր ձայնից, քանի որ 2011թ.-ից հրաժարվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կազմակերպությանը՝ Պաղեստինին լիակատար անդամակցություն շնորհելու պատճառաբանությամբ։

 

Այն երկրները, որոնք երկու տարվա ընթացքում չեն վճարում անդամավճարները, ինքնաբերաբար զրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից։

 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի կորուստը կորցնում է մեր ազդեցությունն այդ կազմակերպությունում, որը ձգտում է ողջ աշխարհում առաջատարը դառնալ այնպիսի կարևորագույն հարցերում, ինչպիսին են կանանց իրավունքները, համացանցը, մամուլի ազատությունը, մշակութային արժեքների ճանաչումն ու պահպանումը»,-ասված է հայտարարության մեջ։